կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 20:11
Իրավական

ԿԸՀ-ն ցուցադրել է սարքի միջոցով ընտրողների գրանցումն իրականացնելու գործընթացում տարբեր հնարավոր սցենարներ

ԿԸՀ-ն ցուցադրել է սարքի միջոցով ընտրողների գրանցումն իրականացնելու գործընթացում տարբեր հնարավոր սցենարներ

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրավիրել էր Եվրոպական միության, Գերմանիայի, Միացյալ Թագավորության,  Շվեդիայի ներկայացուցիչներին, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային դիտորդներին, որպեսզի ներկայացներ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին  ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը և ԿԸՀ կողմից իրականացված ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին սարքի միջոցով ընտրողների գրանցումն իրականացնելու գործընթացում տարբեր հնարավոր սցենարներ, ինչպես օրինակ, ընտրողի կողմից սխալ փաստաթուղթ ներկայացնելու, սխալ ընտրական տեղամաս ներկայանալու,  ընտրողին ցուցակում չգտնելու և կրկնակի քվեարկության դեպքերը: 

ԿԸՀ-ն ներկայացրեց նաև ընտրողների  իրազեկման նպատակով  թողարկված տպագիր և այլ նյութեր, այդ թվում՝ առաջին անգամ քվեարկող ընտրողների համար նախատեսված կրծքանշանը: Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց նաև Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքը, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը տեսանկարահանող և  հատուկ ստեղծված կայքի միջոցով միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնող  տեսախցիկների աշխատանքը: Եվրոպական միությունը, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը և Շվեդիան ֆինանսավորում են «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» (ՀԸԳԱ) ծրագիրը՝օժանդակելու Հայաստանի իշխանություններին անցկացնել վստահելի և թափանցիկ արտահերթ ընտրություններ, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները։Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից։