Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ստեփանակերտում կայացավ «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որի աշխատանքների և դրա արդյունքների մասին Yerkir.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի հետ:
- Պարո'ն Բալայան, ամփոփելով «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, ի՞նչ կարող եք ասել:
-Գործն այսօր չէր ձեռնարկվել: Դեռ երկու ամիս առաջ դրա մասին խոսում էինք ու համոզված էինք, որ այդ սկիզբը, համենայն դեպս` դրա գործնական մասը, պետք է սկսվի, ու դրա վառ ապացույցն է այսօրվա ֆորումը: Ամենատարբեր մտքեր ու գաղափարներ քննարկվեցին, բայց բոլոր գաղափարները մի կետի էին միտված` չճանաչման ու անվտանգության հետ կապված հարցեր ու թե ինչպես կարող ենք խաղաղությունը երկարատև դարձնել: Կարծում եմ, որ սկիզբը ճիշտ է դրված, պարզապես մեզ մնում է օրնիբուն աշխատել գաղափարները կյանքի կոչելու նպատակով:
- Պարո'ն Բալայան, տեսակետ կա, որ Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքը կարող է վրդովեցնել ԵԱՀԿ ՄԽ համախագահներին: Ինչպե՞ս պետք է վերաբերվել այդ հանգամանքին:
- Կարծում եմ, որ այս դաշինքով պետք է նպաստենք, որ ՄԽ գործունեությունն ավելի նպատակային լինի: Վերջիվերջո մենք ձգտում ենք, որ տարածաշրջանում կայունություն լինի: Այս հատվածը, այս երկիրը կդառնա արդարության կղզյակ, և ըստ էության, սա առավել համամարդկային, քաղաքակրթությանը մի նոր բան բերելու հնարավորություն է, ու չեմ կարծում եմ, որ միջնորդներին մենք ավելի վատ վիճակում կդնենք: Հակառակը, կրկնում եմ` մեր նպատակը մեկն է` խաղաղություն պահպանել տարածաշրջանում:
- Բայց ՀՀ իշխանություններն ասում են` մանդատ չունենք:
- Ես կարծոււմ եմ, որ ՀՀ իշխանությունները, բնականաբար, իրենց անունից պետք է շարունակեն բանակցությունները, բայց բուդապեշտյան գագաթաժողովի արձանագրած փաստն այն է, որ բանակցությունները եռակողմ են, ուրեմն Արցախը պետք է մասնակցի բանակցային պրոցեսին: Արցախի մասնակցությամբ միջնորդներն ավելի հեշտ կլուծեն հարցը: Վերջիվերջո, այս տարածքում ապրող ժողովուրդն ու նրա ազգընտիր իշխանությունը ցանկանում են ԼՂ հարցը վերջնական լուծել:
- Պարո'ն Բալայան, այս փաստաթուղթը կարո՞ղ է այդ մանդատի դերը կատարել:
-Ես կարծում եմ, որ այն դուռ կբացի ու հնարավորություն կընձեռի, որ այն ուժերը, որոնք պատկերացում չունեն Արցախի հարցի վերաբերյալ, ավելի պարզ ընկալում ունենան ու արձանագրեն, որ հայ ժողովուրդն ունի ցանկություն ապրել իր հայրենի հողում խաղաղ ու ապահով պայմաններում: