0038 հրամանը և 2008-ի մարտի 1-ի գործողություններն իրար հետ փոխկապակցված չեն, ինչը փորձում է ապացուցել դատախազը: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը:
«Երևանցիներից բացի, բավականին շատ մարդիկ տեսել են, թե ինչպես են երկրապահները կիսազինված քայլում, մտածում՝ մոտենալ- չմոտենալ: Բոլորդ գիտեք, որ քննարկվում էր, խոսվում՝ երկրապահները ԴՇԿ-ները դնեն «Նիվա»-ների՞ վրա, թե՞ «Վիլիս»-ների: Եվ ես ակնհայտորեն կարող եմ ասել, որ ՀՀ ԶՈւ որոշակի մոբիլիզացիան, զորանոցային կարգավիճակի բերելը հանգեցրեց նրան, որ ԵԿՄ-ն որևէ ռեպրեսիվ գործողություն չարեց դրանից հետո: 0038 հրամանում որևէ սարսափելի գործընթաց չկա, դրա հիման վրա եղել է զորքերի տեղաշարժ որոշակի կայազորներից որոշակի կայազորներ: Մարտի 1-ին զորքը չի շփվել քաղաքացիների հետ` որպես այդպիսին, որոշ հատվածներում ինչ-որ բաներ եղել են, բայց չի եղել զորքի և քաղաքացիների շփում: Սա Չինաստանի հրապարակը չէ, Եգիպտոսի հրապարակը չէ, որ զորքը մտցրել են և ասել, որ կրակեն քաղաքացիների վրա: Այդպիսի գործընթաց չի եղել, կան չմոնտաժված վիդեոներ»,-մանրամասնեց Օրբելյանը:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն դատարանից, նա պատասխանեց, որ իրենց սպասելիքը հետևյալն է՝ խափանման միջոց կալանավորման չկիրառում, վատագույն դեպքում՝ անձնական երաշխավորություն:
Այնուհետեւ լրագրողներին ցույց տրվեցին Մարտի 1-ի գործի վերաբերյալ հիշատակված և նախկինում չհրապարակված կադրերը, որոնցում, ըստ պաշտպանների, երևում է, թե ինչպես են ցուցարարները զինված ոստիկանների վրա առարկաներ նետում։
Չմոնտաժված կադրերը՝ 1.03 րոպեից: