կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-25 17:08
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ՍԴ-ից հետ են վերցնում դիմումները

Մեր խնդրանք-պահանջ-հորդորն է բոլոր քաղաքական ուժերին, որ Սահմանադրության հետ կապված այս գործընթացներում ո՛չ պարոն Քոչարյանի, ո՛չ փաստաբանական թիմից որևէ մեկի անունը չշոշափեն՝ գործընթացը դիտարկելով բացառապես պառլամենտական ֆրակցիաների և պատգամավորների իրավասության շրջանակներում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ նշելով, որ ՍԴ-ից հետ են վերցնում մեկ տարի առաջ ներկայացրած դիմումները։

Օրբելյանի խոսքով՝ եթե որևէ քաղաքական ուժ մտածում է, որ սահմանադրական փոփոխությունների գնալու առումով կան խախտումներ, չպետք է սպասի ինչ-որ ամսաթվի և պետք է միանա այդ գործընթացին:

Նրանք դիմել են ՍԴ-ին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով վերադարձնել իրենց երկու դիմումները, որոնք վերաբերում են Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին համապատասխանությանը:

Օրբելյանը ասաց, որ դիմումները հետ վերցնելու հարցը Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել են այսօր առավոտյան։  Քոչարյանը հստակ դիրքորոշում է հայտնել՝ ասելով, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պետք է առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները դիմումները հետ վերցնեն։

Արդյո՞ք այդ պայմաններում ևս հարցը չի քննարկվի՝ հաշվի առնելով, որ նման դիմում էր ներկայացրել նաեւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Ինչպես քաղաքական որոշ շրջանակներ անվանում են՝ «սահմանադրական կարգի տապալման» այս գործընթացի հետ մենք որևէ առնչություն չենք ուզում ունենալ, մենք՝ որպես կողմ, ունենք մի գործիք, դա այն է, ինչ հիմա անում ենք, իսկ թե ՍԴ-ն ինչ կանի, ես չեմ ուզում գուշակել»:

Իրենց համար սկզբուքնայի՞ն հարց է, որ ՍԴ-ն այս կազմով քննի իրենց դիմումները՝ հարցին, Օրբելյանը պատասխանեց. «Սա ՍԴ-ի կազմի հետ կապված հարց չէ, ինչ կազմ ուզում է, թող քննի, մենք տեսնում ենք, որ ֆրակցիաներից մեկը Սահմանադրության երաշխավորման եւ պառլամենտին տված իրավունքներն ու պարտականությունները ապահովելու համար ՍԴ դիմելը, չգիտես ինչու, կապել է մեր գործի քննության հետ և մենք ասում ենք՝ եթե պառլամենտարիզմի կայացմանը խոչընդոտում ենք, մեզնից հասանելիքը անում ենք. այլ գործիքակազմ, քան դիմումը հետ վերցնելն է, չունենք»:

Ավելի ուշ, ՍԴ շենքից դուրս գալով՝ դատարանին ուղղված դիմումը ցույց տվեց  Ռոբերտ Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Վարդևանյանը և հայտարարեց, որ Սահմանադրական դատարանից հետ են վերցնում առավել քան հիմնավոր երկու դիմումներ, որոնք ներկայացրել էինք 2019-ի մայիս-հունիս ամիսներին։

Նա ցավ հայտնեց, որ դիմումները ներկայացնելուց մեկ տարի անց՝ այսօր, Ռոբերտ Քոչարյանի գործը շահարկումների առարկա է դարձել։

«Բանը հասել է նրան, որ ընդհուպ պատգամավորները, որոնք պարտավոր են կատարել իրենց սահմանադրական պարտականությունները... Ես շատ լավ ճանաչում եմ Էդմոն Մարուքյանին, Տարոն Սիմոնյանին, նրանք իրավաբաններն են, իսկ իրավաբանները կարծես բոլորը բոլորին ճանաչում են, խոսում են իրավական պետության սկզբունքի մասին, բայց դրա դեմ գործողություն չեն կատարում»,-հայտարարեց Վարդևանյանը։

Նա մի վատ օրինակ բերեց․ «Դա նման է նրան, որ եթե մեր դիմաց սկսեն մի խանութ այրել, մի մեքենա սկսեն թալանել, և ես ասեմ, այդ մեքենայի սեփականատիրոջը  միգուցե ճանաչում եմ, հիմա հաղորդում չեմ ներկայացնի ոստիկանություն, եկեք մի քիչ ժամանակ անցնի, կտեսնենք։ Հենց նման շահարկումներից ելնելով՝ մենք այսօր նման դիմում ներկայացրինք»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ Սահմանադրության փոփոխության օրինագծի հակասահմանադրականությունը որոշելու համար ՍԴ դիմելու՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախաձեռնությանը կմիանա հուլիսի 7-ից՝ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո։ Մինչդեռ շատերի մոտ կար համոզմունք, որ իշխանությունը մտադիր է մինչև այդ ամսաթիվը ազատվել ՍԴ գործող կազմից։

Մանրամասն՝ տեսանյութում․