Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ե'վ դատավորի ընտրությունը քրեական վերաքննիչ դատարանում, և' դատավարության ամբողջ ընթացքը, և' դատավորի կողմից կայացված որոշումը տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ ակնհայտ և կոպիտ խախտումներով. լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` երկրորդ անգամ կալանավորմանը:
Նա նշեց, որ դատավորը չի պատասխանել իրենց ներկայացրած մի շարք փաստարկների, նա այդ դեպքերում գերադասել է իր որոշման մեջ չանդրադառնալ այդ փաստարկներին`չկարողանալով դրանց պատասխանել, պարզապես շրջանցել է:
«Դատավարությունը խայտառակ դատավարություն է եղել, որոշումը կայացվել է խայտառակ, աննախադեպ խախտումներով: Վերաքննիչ դատարանում, ինչպես գիտեք, դատավորին մեր կողմից բացարկ ներկայացվեց այն պատճառաբանությամբ, որ նա օրենքի հիման վրա չէ այդ գործն ընդունել քննության: Դատավորն ու դատարանի նախագահը հայտնեցին, որ ինչ-որ վիճակահանություն է տեղի ունեցել, սակայն չկարողացան ներկայացնել այդ վիճակահանության մասին արձանագրություն: Այսինքն` մենք պետք է հասկանանք, որ այդ վիճակահանությունն իրականումմ կա'մ տեղի չի ունեցել, կա'մ չի արձանագրվել օրենքի հիման վրա Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ Ռուբեն Մխիթարյանը վիճակահանությամբ է ընտրվել որպես այս գործը քննող դատավոր, ապա օրենքով` դատավորի ընտրության վիճակահանություն նախատեսված չէ»,- տեղեկացրեց փաստաբանը:
Ալումյանի խոսքով` քննիչը ևս փորձել է բացարկ հայտնել դատավորին: «Քննիչը նշեց, որ գործը տվյալ դատավորի համար չափազանց բարդ է և դատավորին ակնարկեց, որ գուցե իր ուժերից վեր կլինի այս գործով կայացնել օրինական որոշում: Դատավորն իրեն համարեց վիրավորված և այդ բացարկն անգամ չքննարկեց»,- հայտնեց նա:
Փաստաբանն ընդգծեց, որ 0038 հրամանն ու Մարտի 1-ի իրադարձություններն իրար հետ ընդհանրապես փոխկապակցված չեն: «0038 հրամանը չի ներկայացնում որևէ խնդիր։ Այն չի առաջացրել որևէ հակասահմանադրական կամ հակաիրավական իրավիճակ, ընդհակառակը՝ 0038 հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներգրավվածությունը, ներքաշումն օրեր շարունակ տևող ցույցերին, այն, ինչի վերաբերյալ հստակ տվյալներ կային։ Այսինքն՝ աշխատանքներ էին տարվում բանակի ներսում, որպեսզի զինվորականներին նույնպես բերեն Ազատության հրապարակ, ու նրանք սկսեն մասնակցել քաղաքական պրոցեսներին»,- ասաց Հայկ Ալումյանը։
Նա ընդգծեց` եթե հրամանի ամբողջ տեքստը հասանելի դառնա, ապա կպարզվի, որ այն որևէ բացասական արդյունք չի առաջացրել: «Հստակ կարող եմ ասել, որ երբ դուք դրա ամբողջ տեքստն ունենաք, ինքներդ կհամոզվեք, որ հրամանը չի առաջացրել որևէ հակասահմանադրական իրավիճակ»,- եզրափակեց Ալումյանը: