կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-17 19:00
Արցախ

Արցախյան հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն. Բակո Սահակյան

Արցախյան հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն. Բակո Սահակյան

Մեր դիրքորոշման մասին այս տարիների ընթացքում մենք բազմիցս հայտնել ենք, որ թե՛ տարածքների և թե՛ կարգավիճակի առումներով վերադարձ անցյալին չի լինելու:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստի ժամանակ ասել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը:
 
Անդրադառնալով վերջերս Վիեննայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ Հանրապետության Նախագահն ասել է, որ մինչև այդ հանդիպումները լինում են բազմաթիվ խորհրդատվություններ, և բացառություն չէր նաև Վիեննայում կայացած հանդիպումը:
 
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳՆ գործընկերներին մենք հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու մեր դիրքորոշումը:  Իսկ մեր դիրքորոշումը չի փոխվել: Այս տարիների ընթացքում մեր նվաճումների շարքին է դասվում այն, որ որևէ անգամ մենք չենք առաջնորդվել ծայրահեղությամբ, մենք որևէ անգամ չենք տարածել մեծամտություն: Արցախյան հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն: ՀՀ մեր գործընկերները այդ նույն գիտակցության շրջանակներում են իրականացնում իրենց այսօրվա աշխատանքները: Մեր տեսակետը պաշտպանել ենք և շարունակում ենք պաշտպանել ամենայն հաստատակամությամբ: Այդ ամենի հետ մեկտեղ  մենք մեր պարտքն ենք համարում ամեն կերպ նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը հնարավորինս արդյունավետ դարձնելուն»,- մասնավորապես նշել է Բակո Սահակյանը:
 
ԱՀ Նախագահի խոսքով՝ վերջերս ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի հետ հանդիպմանը  քննարկվել է լրացուցիչ հնարավորոթյունների կիրառման մասին հարցը:
 
«Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները ՀՀ գործընկերների հետ՝ նշված դիրքորոշումը պաշտպանելու ուղղությամբ: Ես չեմ տեսնում որևէ հավանական փոփոխություն, որն իր ազդեցությունը կունենա մեր այդ դիրքորոշումը վերանայելու համար: Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ խոսվել է նաև մի շարք նոր մոտեցումների անհրաժեշտության մասին, և այդ մոտեցումների մասին մենք այս տարիների ընթացքում բազմիցս հնչեցրել ենք: Վերջին՝ Մոսկվայում կայացած երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են պատրաստակամությունը շփման գծում ավելորդ լարվածություն չստեղծելու մասին: Մենք էլ հետամուտ ենք լինելու այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելուն»,- ավելացրել է Բակո Սահակյանը: