Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ելույթը՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ.
«Մեծարգո պարո՛ն Հակոբ Տեր-Խաչատուրյան, Ազգային ժողովի նախագա՛հ Արթուր Թովմասյան, ՀՅԴ Բյուրոյի և Հայ Դատի հանձնախմբի պատվավո՛ր անդամներ, սիրելի՛ ներկաներ,
Իսկապես ողջունելի է ամեն մի ջանք, որը գործադրվում է ծանր ժամանակներ ապրող հայ ժողովրդի` մասնավորաբար արցախահայության առաջ ծառացած մարտահրավերների վերհանման և միասնաբար լուծման ուղիներ գտնելու ուղղությամբ, ուստի հայրական մեր օրհնությունն ենք բերում Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի հանձնախմբի նախաձեռնած այս համաժողովի մասնակիցներին և մաղթում արդյունաշատ ընթացք համաժողովի աշխատանքներին։
Հետադարձ հայացք ձգելով անցյալին՝ կարևոր ենք համարում արձանագրել այն փաստը, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը կազմավորվել է պատմական այնպիսի մի ժամանակաշրջանում (1890թ), որը բազմաթիվ ասպեկտներով նման է մերօրյա իրավիճակին, և կարծես թե նորից կարիք կա լծվելու գործին այն նույն վճռականությամբ, ինչ վճռականությամբ և տեսիլքով Զորյան-Զավարյան-Միքայելյան եռյակը սկիզբ դրեց մեզանում առավել հայտնի Դաշնակցության այս վաստակյալ կառույցին։
Սխալված չենք լինի, եթե ՀՅԴ բազմաբովանդակ և ազգանվեր ծառայությունների ծիրից ներս առաջին հանրապետության հռչակումից հետո հաջորդ կարևորագույն ձեռքբերումը համարենք Հայ դատի հանձնախմբի ձևավորումն ու գործունեությունը։ 1944 թվականից սկսյալ այս կառույցը դարձավ սփյուռքում գործող այն առաջամարտիկը, որ հայոց արդար դատը՝ հայ ժողովրդի պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը առ այսօր բարձրաձայնում է միջազգային տարբեր հարթակներում։ Հայ դատի կառույցը 9 տասնյակի հասնող և աշխարհի շուրջ երեսուն երկրում գործող տարածաշրջանային, շրջանային, նահանգային և քաղաքային գործող հանձնախմբերի միջոցով մի տեսակ կարծես թե փաստաբանն է դարձել հայ ժողովրդի։
Արցախյան հիմնախնդիր
Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հատուցման գործընթաց
Միջազգային միջպետական հարաբերություններում և խորհրդարանական դիվանագիտության հարթակներում Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն
Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում
Սրանք են այն կարևորագույն խնդիրները, որ իր առջև վաղուց դրել է Հայ Դատի հանձնախումբը և ամենևին էլ պատահական չէ այսօրվա մեր մեկտեղումը Արցախում, որովհետև ՀՅԴ Հայ դատի քաղաքական-մարտավարական առաջնահերթությունները սկսվում են և ավարտվում Արցախով։
Այսօր ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ վերոնշյալ բոլոր կետերում եղել են զգալի ձեռքբերումներ։ Հայ դատի աշխարհասփյուռ կառույցների անխոնջ աշխատանքի շնորհիվ արցախյան հիմնախնդիրը ավելի մեծ հնչեղություն է ստացել, Արցախը ստեղծել է բազմաթիվ ապակենտրոնացված բարեկամական կապեր աշխարհի ավելի քան 25 քաղաքների հետ, ստեղծվել է «Պրո Արցախ» Արցախի միջազգային բարեկամներին միավորող հարթակ. մեծածավալ աշխատանքներ են տարվել ԱՄՆ-ում, Եվրոպայում Արցախի շահերը պաշտպանելու, հումանիտար օգնություն տրամադրելու հարցերում։
Անգնահատելի է Հայ դատի հանձանխմբի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, որի արդյունքում ավելի քան 30 պետություններ պաշտոնապես ճանաչել են հայ ժողովրդի դեմ գործված ոճիրը՝ որպես ցեղասպանություն։
Սիրելի՛ ներկաներ, քանի որ «Հայ դատի» հանձնախումբը ունի աշխարհասփյուռ և միջազգային հանգամանք, որպես Արցախի թեմի առաջնորդ՝ մեր խնդրանքն ենք ուղղում ձեզ` միջազգային հարթակներում ավելի ակտիվորեն բարձրաձայնելու նաև «Արցախի հոգևոր դատը»։
Այս առումով պետք է ընդգծել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավանդաբար իրականացվող հայկական ծագման քրիստոնեական արժեքների մի կողմից մասշտաբային յուրացումը՝ դրանք հատկապես «ուդիական» հայտարարելու և «սեփականաշնորհելու» միջոցով, մյուս կողմից ակնհայտորեն իրականացվող պատմական հուշարձանների ոչնչացումը, որն ունի հստակ իրավական ձևակերպում — մշակութային եղեռն:
Այն ոճրագործությունները, որոնք ներկա ժամանակներում էլ շարունակաբար կատարվում են Արցախի հինավուրց հայկական հոգևոր-մշակութային կենտրոն Շուշիում՝ Ադրբեջանի իշխանությունների անմիջական նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ, հստակ նպատակ ունեն վերացնել հայկական հետքը, սպանել հայոց բերդաքաղաքի ֆենոմենը:
2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի թեմի 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, 345 տապանաքարեր և մակագրված քարեր, 108 գերեզմանատներ և սրբավայրեր, 43 բերդեր,ամրոցներ և պալատներ, 208 այլ հուշակոթողներ անցել են Ադրբեջանի հսկողության տակ և ասել, որ դրանց վտանգ է սպառնում, նշանակում է ոչինչ չասել։ Ակնհայտ ապացույցներ են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորումը, Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու պայթեցումը, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ոչնչացումը, Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու գրությունների անձամբ Ալիևի ձեռքով ջնջելը, Դադիվանքը և Գանձասարը որպես ալբանական ներկայացնելու հանգամանքը և այլ շատ չբացահայտված դեպքեր։
Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել համապատասխան համակարգված քաղաքականություն՝ այդ ամենը ներկայացնելու համապատասխան կառույցներին՝ գործնական քայլերի ակնկալիքով, և այս հարցում մեծ դերակատարում կարող է ունենալ Հայ դատի հանձնախումբը։