|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել Թբիլիսիում տեղի ունեցածի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ:
Վիրահայոց Թեմի ներկայացրած տեղեկատվության համաձայն, սույն թվականի հուլիսի 19-ին, Թբիլիսիում, ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքին անարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ և այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր խորը մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ և դատապարտում ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը:
Սադրիչ սույն ոտնձգությունը ցավալի հետևանքն է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների` այդ թվում վրաց որոշ հոգևորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների: Ծայրահեղական նման դրսևորումները անհարիր են հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձերին և ապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը: