Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկանուշ Մարկն անհրաժեշտ էր համարում հայ համայնքի ղեկավար կառույցներում կանանց ներգրավվածությունը։
Ստամբուլի կանանց թանգարանն իրականացնում է մի նախագիծ, որտեղ ներկայացված են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից մինչ մեր օրերը թուրք առաջին կին լրագրողների կենսագրությունները։ Նախագծի շրջանակներում հնարավոր է գտնել նաև ութ կին լրագրողի լուսանկարներ ու նրանց մասին գրված հոդվածներ։ Այդ կանանցից մեկն էլ Հայկանուշ Մարկն է։ Մարկը պատմության մեջ է մտել որպես օսմանյան կանանց շարժումների ամենաերկարակյաց` «Հայ կին» ձախակողմյան ամսագրի խմբագիր։ Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի (Եդիքուլե, Ստամբուլ) որբանոցում կես դրույքով ուսուցչություն է արել։ Նիկողոսյան օրիորդաց դպրոցում (Ստամբուլ) հայերենի դասեր է տվել։
Ամսագրում տպագրվել են նաև կնոջ անուն օգտագործած տղամարդիկ
1905 թ. Մարկին առաջարկել են «Ծաղիկ» ամսագրի խորագիրը փոխել, դարձնել կանանց համար նախատեսված հանդես ու ղեկավարել այն։ Նա «Միայն կանանց հետ ու կանանց համար» կարգախոսով «Ծաղիկ» ամսագրի խմբագիր է եղել 2 տարի։ Մարկը ցանկանում էր ամսագրում տպագրել միայն կին գրողների գործերը, սակայն բավականաչափ կին գրող չգտնելու պատճառով հանդեսը բաց էր նաև այն տղամարդ գրողների համար, որոնք համաձայնում էին տպագրվել կնոջ անվան տակ։
«Գրի՛ր և երջանիկ եղի՛ր»
1907-1909 թթ. ընթացքում Հայկանուշ Մարկն ու ամուսին Վահան Թոշիկյանը Իզմիրում հրատարակել են «Արշալույս» («Շաֆաք») ու «Արձագանք» («Յանքը») թերթերը, որտեղ էջեր են եղել նաև կանանց համար։ Այդ օրերին «Իզմիր է հասել ու Ստամբուլից հետո Էգեյանի ափերին առաջին ակտիվ ֆեմինիստ հայ կնոջ հետ է ծանթացել»,- պատմել է նա։ «Գրի՛ր և երջանիկ եղի՛ր» արտահայտությունն էլ գրանցվել է։
Ամսագիրը լույս է տեսել 14 տարի շարունակ
1919-1933 թթ. Հայկանուշ Մարկը «Հայ կին» ամսագրի խմբագիրն է եղել։ Նա այդ ամսագիրը նկարագրել է որպես հանդես, որտեղ հնարավոր է քննարկել կանանց վերաբերող ամեն հարց։ Ամսագիրը 14 տարի շարունակ ամսական երկու համարով էր լույս տեսնում։ Ամսագրի գործունեությունը դադարեցվեց 1933 թ.։ Հայկանուշ Մարկը չի բացահայտել ամսագրի փակվելու պատճառը։ Միայն ասել է. «Բոլորին հայտնի մի բանի պատճառով»։ Մինչև 1936 թ. նրա ակտիվ գրական գործունեությունն ընդմիջվել է։ 1936 թ. ամուսնու` Վահան Թոշիկյանի հրատարակած «Նոր լուր» թերթում Մարկը կարճ ժամանակով պատրաստել է կանանց անկյուն։
Հայկանուշ Մարկն ու կանանց նկատմամբ իրականացված քաղաքականությունը
Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հայ համայնքի կրթական խորհուրդը զբաղվում էր համայնքի կրթական հարցերով, իսկ դատական խորհուրդը՝ ընտանեկան, ամուսնության, բաժանման ու ժառանգության նման հարցերով։
Հայկանուշ Մարկը պաշտպանում էր այն տեսակետը, որ այդ խորհուրդներում ու հայկական համայնքի ղեկավարների մեջ կանայք էլ պետք է տեղ ունենան։ «Հայ կին» ամսագրում նա այդ պահանջի անհրաժեշտութունն է ներկայացրել, կրթական ու դատական խորհուրդներում համոզիչ ելույթներ ունեցել։ Կրթական խորհրդում կանանց որպես «օգնական անդամ» ներգրավելու առաջարկին դեմ է դուրս եկել ու հավասար իրավունքներով անդամակցություն պահանջել։ Նա խորհրդի անդամակցության համար իր թեկնածությունն է առաջադրել։
Թարգմանեց Անի Մելքոնյանը