կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-14 16:40
Քաղաքական

Առանձին պատգամավորի խոսքը չեմ մեկնաբանում. Մակունց

Առանձին պատգամավորի խոսքը չեմ մեկնաբանում. Մակունց

Ազգային ժողովում, նախքան կառավարության ծրագրին հավանություն տալը, «Իմ  քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին հայտնեց, որ անվերապահորեն աջակցելու են կառավարությանը: Ասաց նաև, որ խմբակցության պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ է ստացել, որոնք պետք է ներկայացնի կառավարություն։

«Կառավարությունը քննարկելու է ոչ թե իր ծրագրի, այլ գործողությունների պլանի շրջանակում: Կառավարության ծրագիրը մանրամասն քննարկվել է «Իմ քայլը» խմբակցության տարբեր մասնագիտական տիրույթներում: Եվ այդ ընթացքում վերհանվել են տարբեր կողմերը, այդ թվում` այն, թե ինչը տեղ չի գտել կառավարության ծրագրում: Այդ մասով «Իմ քայլը» խմբակցությունը տեսել է իր անելիքը, թե մենք` որպես օրենսդիր, ինչ պետք է անենք և ինչպես պետք է լրացնենք դա: Եվ այդ առումով մեր անելիքը բավականին շատ է: Առաջարկներն այն մասին են, թե մենք ինչ ավելի բան կարող ենք անել»,- նշեց Մակունցը` ավելացնելով, որ կառավարության ծրագրի նախագիծը բավականին լայն ու ճկուն է,  ներկայացված են ընդհանուր տեսլական ու մոտեցումներ:

Yerkir.am-ի հարցին՝ անվերապահորեն աջակցելը տեղավորվո՞ւմ է այն տրամաբանության մեջ, որ «եթե անգամ կառավարության ծրագրում մեկ տող գրված լիներ՝ ամեն ինչ շատ լավ է լինելու, միևնույն է, կողմ կլինեինք», պատգամավորը պատասխանեց, թե անվերապահ աջակցությունը բխում է հեղափոխության երկրորդ փուլի տրամաբանությունից։

Մեր հարցն, ըստ էության, հետաքրքրեց նաև մյուս լրատվամիջոցներին, որոնք պատգամավոր Քրիստինե Պողոսյանի` վերոհիշյալ մտքի հետ կապված շարունակեցին հարցեր ուղղել Մակունցին` ինչպե՞ս է վերաբերվում իր գործընկերոջ նման հայտարարությանը: Լիլիթ Մակունցը նախ պատասխանեց, թե  չի ցանկանում մեկնաբանել առանձին պատգամավորների խոսքը, ապա հավելեց. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր պատգամավոր ունի իր տեսակետը և այն հայտնելու իրավունքը: Առանձին պատգամավորների տեսակետները չեմ մեկնաբանում։ Դա խմբակցության տեսակետը չէ»:

Դիտարկմանը, որ այնպիսի տպավորություն է,  թե կառավարության ծրագիրը կատարյալ է, քանի որ ընդդիմության առաջարկները, որոնք նաև կետ առ կետ ներկայացվել են կառավարություն, չեն ընդունվում, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամներն իրենց պարտքն են համարում ամեն ընդդիմադիր ելույթից հետո պաշտպանել վարչապետին, Մակունցն արձագանքեց. «Մենք նման մոտեցում չունենք: Վարչապետը հայտարարեց, որ պատրաստ են քննարկել ընդդիմության առաջարկները, բայց ոչ միայն ընդդիմության, այլև բոլոր խմբակցությունների առաջարկները։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ հատվածին, ասեմ, որ խորհրդարանում տեղի են ունենում նորմալ քննարկումներ, որտեղ մի պատգամավոր կամ խմբակցություն ներկայացնում է տեսակետ ու ստանում արձագանք։ Մենք բաց ենք թե՛ քննարկումների, թե՛ համատեղ աշխատանքի համար»: