կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-12 17:31
Հասարակություն

Թագուհի Թովմասյանի կոնկրետ հայտարարության հետ համաձայն չեմ. Լիլիթ Մակունց

Թագուհի Թովմասյանի կոնկրետ հայտարարության հետ համաձայն չեմ. Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր իսկ խմբակցության պատգամավոր, «Ժողովուրդ» օրաթերթի նախկին խմբագիր Թագուհի Թովմասյանի` 5-րդ ալիքին տված հարցազրույցը չի դիտել, հետևաբար` չցանկացավ մեկնաբանել Yerkir.am-ի հարցը` ինչպե՞ս է գնահատում Թովմասյանի` «ունենք հանրությանը դուր գալու համար իրականացվող արդարադատություն» հայտարարությունը:

«Կոնտեքստից դուրս մեկնաբանություն անել չէի ցանկանա, եթե մենք վերցնենք առանձին միայն այդ արտահայտությունը, ապա դրա հետ համաձայն չեմ: Պետք է ծանոթ լինեմ կոնտեքստին, որ կարողանամ գնահատական հնչեցնել»,- ասաց նա:

Yerkir.am-ի մյուս հարցին` «Իմ քայլը» խմբակցությունն ի՞նչ բացթողումներ ու թերացումներ է ունեցել խորհրդարանի 7-րդ գումարումից մինչ այս պահը, պատասխանեց` պետք է շարունակենք էլ ավելի բաց լինել քաղաքացիական հասարակության ու լրագրողների համար, որովհետև կատարած աշխատանքը լավագույնս ներկայացնել կարող են բացառապես լրագրողների միջոցով:

«Այնպես որ` օբյեկտիվ իրականությունը ներկայացնելը հնարավոր է, եթե ամբողջապես բաց ենք ձեր առջև ու ձեր միջոցով ներկայացնում ենք այն: Իրավիճակի հատվածային ներկայացումը, կարծում եմ, նաև մեր մեղավորությունն է, որովհետև գուցե բավարար չափով ձեր առջև բաց չենք: Այս առնչությամբ պետք է աշխատենք անպայման: Բացի այդ` օրենսդրական նախաձեռնությունների մասով պետք է ավելի ակտիվ լինենք ու մինչև սեպտեմբեր`արձակուրդային շրջանում, առավել կենտրոնանանք օրենսդրական մեր գործառույթների վրա»,- ասաց Մակունցը:

Նա հայտեց նաև, որ թեև Ստամբուլյան կոնվենցիան դեռևս ԱԺ-ում պաշտոնապես շրջանառված չէ, բայց իրենք ուսումնասիրում են այն:

Մակունցը հերքեց լուրերը, թե իրենց խմբակցության պատգամավորները ճնշումների են ենթարկվում, որ կոնվենցիայի մասին տեսակետ չհայտնեն: «Երբ խմբակցության ներսում չի եղել քննարկում Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ, չի կարող լինել խմբակցության դիրքորոշում: Առանձին պատգամավորներ ձեր հարցադրումների շրջանակներում ներկայացնում են իրենց դիրքորոշումները տվյալ փաստաթղթի վերաբերյալ: Այս առումով բավականին ակտիվ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, այնպես որ` ճնշման մասին խոսք լինել չի կարող»,- ընդգծեց խմբակցության ղեկավարը: