ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանն արձագանքել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և գրառում կատարել այդ առնչությամբ:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ruben Rubinyan-ը խոսում է Դաշնակցության մասին, ասելով, որ մենք երբեք ընդդիմություն չենք եղել։ Սա ասում է այն կուսակցության մասին, որը եղել է ընդդիմություն Օսմանյան Թուրքիայում, Խորհրդաին միության ամենասկզբունքային ընդդիմադիրներից մեկն ամբողջ աշխարհում եղել է ՀՅԴ-ն, մենք ընդդիմություն ենք եղել ձեր քաղաքական հայր Լևոն Տեր- Պետրոսյանի ժամանակ, որի համար էլ մեր գործունեությունը հայրենիքում ապօրինաբար կասեցվել է ու շատ դաշնակցականներ բանտարկվել են։
Մենք նաև ընդդիմություն ենք եղել, երբ մեզ համար սկզբունքային հարցի պատճառով դուրսա ենք եկել իշխանությունից ու կարողացել ենք լինել այնպիսի ընդդիմություն, որ այդ հարցը՝ ի վերջո, լուծվել է Դաշնակցության ուզածով: Եվ, այո, կոալիցիա էլ ենք կազմել նախկին իշխանություների հետ( ընդ որում, այդ քաղաքական մշակույթը մենք ենք Հայաստան բերել), որը նորմալ քաղաքական պրոցես է, քանի որ մեր համար ընդդիմություն չի նշանակում քաղաքական հակառակորդին դավաճան կամ թշնամի դիտարկել։
Ռուբեն Ռուբինյանին և իր քաղաքական թիմին խորհուրդ կտամ նույն ոճով շարունակել, քանի որ այս կեցվածքով դուք արագացնում եք ձեր քաղաքական վախճանը: Իսկ Դաշնակցությանը կցորդ անվանելուն չեմ ուզում անդրադառնալ, քանի որ առանց վիրվորելու անրադարձս չի ստացվի:
Բայց այ դուք՝ առաջին անգամ իշխանություն լինելով, շատ վատ իշխանություն եք, ու ձևավորել եք Հայաստանի պատմության ամենավատ Ազգային ժողովը»: