կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-22 11:44
Քաղաքական

Ադրբեջանն աշխատում է ՀԱՊԿ–ում Հայաստանի դիրքերը թուլացնելու ուղղությամբ. Արսեն Համբարձումյան

Ադրբեջանն աշխատում է ՀԱՊԿ–ում Հայաստանի դիրքերը թուլացնելու ուղղությամբ. Արսեն Համբարձումյան

ԼՂ համակարտության կարգավորման հարցում ի՞նչն է լավատեսություն հաղորդել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին  եւ ի՞նչ փոխըմբռման են հասել նա ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը շեշտում է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում այսօր կան որոշակի գործընթացներ, որոնք մտածելու տեղիք են տալիս։  Նա նաեւ համոզված  է, որ Ադրբեջանը աշխատում է ՀԱՊԿ–ում Հայաստանի դիրքերը թուլացնելու ուղղությամբ։  Այս հարցերի շուրջ իր մտահոգությունների մասին Արսեն Համբարձումյանը պատմել է NEWS.am-ի հետ հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորեւ.

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՀՀ իշխանության հետ հաջողվել է փոխըմբռնման գալ: ՀՀ ԱԳՆ-ն, սակայն նշում է, որ Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հնգակողմ հայտարարության տեքստի շուրջ: Ինչպե՞ս եք առհասարակ գնահատում Արցախի խնդրի շուրջ վերջին զարգացումները:

Ես կարծում եմ, որ վերջին զարգացումները, որոնց վերաբերյալ մեր անհանգստությունների մասին նաեւ հայտնելու առիթ ունեցել ենք նախընտրական քարոզարշավի ժամանակ, այնուամենայնիվ, սպառիչ պատասխաններ են ակնկալում, որովհետեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունների հետ կապված ես կարծում եմ, որ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանները, այնուամենայնիվ, բավարար չէին, կնախընտրեի լսել մեր արտաքին գործերի նախարարի պարզաբանումները այս կապակցությամբ, թե ինչ փոխըմբռնման մասին է խոսքը եւ ինչն է, որ վերջին հանդիպման ժամանակ այդքան մեծ լավատեսություն է հաղորդել Ադրբեջանի ԱԳ նախարարին։ Եթե դա ադրբեջանական ապատեղեկատվության հերթական դրսեւորումն է, լավ կլինի, որ դրա մասին բարձրաձայն եւ հստակ հայտարարի ՀՀ ԱԳ նախարարը, եթե փոխըմբռնում ասելով՝ հայկական կողմը եւս որոշակի բովանդակություն է այդտեղ տեսնում, նախ պիտի հասկանանք, թե այդ փոխըմբռնումը իրենից ինչ է ներկայացնում, եւ միայն փոխըմբռման մասին չէ, որ հայտարարվել է, այլ ասվել է նաեւ այն մասին, որ ակնկալիք կա, որ 2019 թվականին հնարավոր է էական առաջընթաց ունենալ արցախյան հարցի հետ կապված։

Ալիեւը հայտարարում է, որ բարենպաստ պայմաններ են ստեղծվել հակամարտության կարգավորման համար, այդ թվում՝ միջազգային կառույցներում, որոնց թվում ՀԱՊԿ–ն է նաեւ։ Ձեր կարծիքով, իսկապե՞ս կան նման հիմքեր եւ ըստ այդմ՝ վտանգներ հայկական կողմի համար:

Լավատեղյակ չլինելով կուլիսային հանդիպումների մանրամասնություններին՝ ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններ տալուց, բայց ամեն դեպքում այն զարգացումները, այն գործընթացները, որ տեղի են ունենում Արցախի հետ կապված, եթե հանրագումարով կամ ընդհանուր համատեքստի մեջ դիտարկելու լինենք, տեսանելի է, որ կան գործընթացներ, անպայման չի այդ գործընթացները լինեն տեսանելի, բայց կան որոշակի գործընթացներ, որոնք մտածելու տեղիք են տալիս, միգուցե, այդ շրջանակներում պիտի դիտարկել նաեւ հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով սահմանապահ զորքեր տեղակայելու Ադրբեջանի վերջին հայտարարությունները։  Հայ–ադրբեջանական սահմանն այն սահմանն է, որի պարագայում նաեւ ՀԱՊԿ–ն որոշակի պարտավորություններ ստանձնելու հարց ունի ռազմական էսկալացիայի պարագայում, եւ այստեղ սահմանապահ զորքերի տեղակայումը միգուցե նաեւ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի դիրքերը թուլացնելու եւ դաշնակցային պարտավորությունները չեզոքացնելու նպատակ է հետապնդում, այսինքն՝ խորքային վերլուծության խնդիր ունենք։ Կարծում եմ, որ նաեւ Նախիջեւանի սահմանում տեղի ունեցած առաջխաղացումները այս առումով եւս պիտի ընդհանուր համատեքստում դիտարկել, որովհետեւ այս գործընթացները, չեմ կարծում, որ պատահական կամ առանձին վերցված գործընթացներ են, եւ եթե ընդհանուր համատեքստում ենք փորձում դիտարկել, անհանգստանալու առիթներ եւ պատճառներ ունենք, նկատի ունենալով նաեւ ամիսներ առաջ Բոլթոնի եւ ԱՄՆ արդեն նախկին դեսպանի արած հայտարարությունները։  Այս առումով կարեւոր է հայկական կողմի պաշտոնյաների հստակ եւ միարժեք արձագանքը, որպեսզի տարակարծիք մեկնաբանությունների տեղիք տվող հարցեր չառաջանան մեր իրականության մեջ։

Մտավախություն չունե՞ք, որ սահմանապահ ուժերով փոխարինելով՝ Ադրբեջանը ցանկանում է այսպիսով այդ զորքերը տեղափոխել Արցախի հետ շփման գիծ։

Դա էլ չեմ բացառում, բայց ես ավելի շուտ տեսնում եմ, որ Ադրբեջանը փորձում է ՀԱՊԿ–ի շրջանակներում թուլացնել ՀՀ–ի դիրքերը դաշնակցային պարտավորությունները չկատարելու իմաստով։ Այս հարաբերական հանգիստ իրավիճակը, որ կա, ամենեւին չի նշանակում, որ իրավիճակը լիցքաթափվել է։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը ինժեներական որոշակի ամրացումներ է կատարում, զորքերի հետքաշում տեղի չի ունեցել առաջնային բնագծերից զորավարժություններից հետո։

Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իր վարչապետության օրոք ոչ մի դիրք չի զիջվել, իսկ տեղաշարժերը տեղի են ունեցել փետրվար–մայիս ամիսներին։ Դուք ինչո՞վ եք պայմանավորում դա։

Քանի որ Հայաստան-Նախիջեւան սահման որպես այդպիսին չի եղել, կա  ռազմաճակատի գիծ, ուստի այդ տեսակ մոտեցումը, որ տեղաշարժ չի եղել, ընդամենը իրենց տարածքում դիրքերի որոշակի բարելավում է եղել, մեղմ ասած ընդունելի չէ։ Մեր ունեցած տեղեկությամբ, որը նաեւ որոշակի փաստական հիմքի վրա է խարսխված, չի խոսում այն մասին, որ այդ տեղաշարժերը եղել են ապրիլ–մայիսյան իրադարձություններից առաջ, եղել է գործընթաց, այդ գործընթացը որոշակի տեւականություն է ունեցել, եղել է դիրքերի մինչեւ այդ տեղի ունեցած առաջխաղացում եւ դրանից հետո։ Շատ հստակ է, որ ադրբեջանական դիրքերի առաջխաղացման արդյունքում մենք որոշակի վտանգների առաջ ենք կանգնած, այն առումով, որ թե՛ Զանգակատան, թե՛ Արենի գյուղի հատվածով անցնող միջպետական ճանապարհը հայտնվել է ուղիղ նշանառության տակ։ Սա լրջագույն խնդիր է, որին պետք է լրջորեն անդրադառնալ եւ  ամենեւին կարեւոր չէ, թե այս տեղաշարժերը տեղի են ունեցել փետրվար–մարտ ամիսների ընթացքում, թե դրանից հետո, եթե կա իրավիճակ, որը սպառնում է մեր անվտանգությանը։ Դա արդարացում չէ, թե գործընթացը երբ է սկսվել եւ երբ է ավարտվել եւ դրանից ներկա իշխանությունների պատասխանատվությունը չի նվազում։

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ Ալիեւի մոտ բանակցությունները վերականգնելու «անկեղծ տրամադրվածություն» է զգացել: Ի՞նչ մեսիջ է սրանով հղում Լավրովը:

Ես թերահավատ եմ, որ երբեւէ Ալիեւի  մոտ բանակցային գործընթացը արդյունավորելու անկեղծ ցանկություն կարող է լինել այն իմաստով, որ Ղարաբաղի հարցի ընդունելի լուծում կարելի է գտնել։ Միգուցե, Ադրբեջանը իր շահերի տեսանկյունից ինչ–որ պատկերացումներ ունի հարցի կարգավորման հետ կապված որոշակի առաջընթացի մասով, բայց դա ամենեւին չի նշանակում, որ այդ ցանկությունը երկուստեք կարող  է լինել, քանի որ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմի դիրքորոշումները այնքան կարծր են, որ ես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ ընդհանուր հայտարար կարելի է ձեւավորել, որպեսզի երկուստեք ընդունելի բանակցային գործընթաց տեղի ունենա։

Հայկական կողմի դիրքորոշումը հստակ բանաձեւելու հարց ունենք, որովհետեւ քանի դեռ հայկական կողմի դիրքորոշումները հստակ ձեւակերպված չեն եւ ակնկալիքներն այն է, որ բանակցային սեղանի շուրջ ձեւավորվեն ինչ–ինչ տարբերակներ, որոնք հետո քննարկման առարկա կդառնան, դա մեզ լավ տեղ չի տանի։ Քանի դեռ չեն ճշգրտվել ԼՂՀ տարածքներն ու չի վերականգնվել ԼՂՀ տարածքային ամբողջականությունը, հայկական կողմի իշխանությունը տարածվում է ամբողջ տարածքների վրա, այլ կերպ ասած՝ քանի դեռ Ադրբեջանի կողմից չի ճանաչվել ԼՂՀ–ն, խոսել փոխզիջումների մասին, անիմաստ է։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը բանակցելու է միայն Հայաստանի անունից: Արդյո՞ք այս մոտեցմամբ ամրանում են հայկական կողմի դիրքերը:

Անխուսափելի է, առանց Արցախի բանակցային կողմ լինելու ակնկալել, որ հնարավոր է հանգել ինչ-որ լուծման, քանի որ գործ ունենք Արցախի ինքնուրույն պետության հետ։  Այս մոտեցումը միանշանակ պետք է առաջ մղվի հայկական կողմից։