կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-02 15:55
Քաղաքական

Սահմանին լարվածությունը թուլացնելու խնդիր կա. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

Սահմանին լարվածությունը թուլացնելու խնդիր կա.  ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարվածությանը: Դեսպանը նշեց, որ Գերմանիան անհանգստացած է շփման գծում տիրող լարվածությունից և մեծագույն ցանկություն ունի, որ ուժի կիրառում չլինի:

«Մինսկի խումբն աշխատում է այդ ուղղությամբ, և խնդիր կա սահմանին լարվածությունը թուլացնել»,- ընդգծեց դեսպանը` հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն ուղղված է փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը, որը հիմք կդառնա խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի կարգավորման համար:

Նա նաև ասաց, որ հաջորդ տարի Գերմանիան կստանձնի ԵԱՀԿ-ի ղեկավարությունը և կանի ամեն ինչ հայ-թուրքական հակամարտության կարգավորման համար: Խոսելով Թուրքիայի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին` Քիսլերն ասաց, որ կարող է խոսել միայն Գերմանիայի փորձառությունից: «Գերմանիայի ու Լեհաստանի միջև հարաբերությունների օրինակը կարող եմ ես բերել, իմ հանձնառության մեջ չի մտնում խոսել Թուրքիայի անունից»,- ասաց նա:

Դեսպանի խոսքով` հայտնի է, որ Գերմանիայի Բունդեսթագում ակտիվ քննարկվել է Հայոց ցեղասպանոթւյան հարցը: «Այս տարի ոգեկոչման տարին է, և շատ եմ կարևորում այն հանգամանքը, որ հանրությունը բարձր իրազեկվածություն ունեցավ: Որևէ մեկը չի կարող շրջանցել պատմական իրողությունը և ձեզ հետ կատարվածը»,- ասաց նա: