կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-11 16:00
Տնտեսական

Գյուղատնտեսությունը պետք է մշտապես լինի պետական աջակցության ներքո

Գյուղատնտեսությունը պետք է մշտապես լինի պետական աջակցության ներքո

Մեր երկրում գյուղատնտեսությունը շարունակում է լինել տնտեսության հիմնական ու ավանդական ճյուղը: Շուրջ 500 հազար գյուղացիական տնտեսությունների համար այն հիմնական զբաղվածությունն է և եկամտի միակ աղբյուրը: Գյուղական բնակավայրերի և գյուղատնտեսության զարգացումն էական նշանակություն ունի նաև սոցիալական արդարության հաստատման ու տնտեսական անվտանգության ապահովման համար։ Ցավոք, պետք է արձանագրենք նաև, որ գյուղական բնակավայրերում պահպանվում է միջին հանրապետականից բարձր աղքատության մակարդակը և իրական գործազրկությունը:

Տնտեսության կարևորագույն այս ոլորտի կայուն զարգացումն ապահովելու համար առաջնային լուծման են սպասում հետևյալ հիմնախնդիրները՝

- բնակլիմայական պայմաններից կախված բարձր ռիսկայնությունը, հետևաբար՝ ոչ կայուն եկամտաբերությունը, ցածր արդյունավետությունը և գյուղացու սեզոնային թերզբաղվածությունը,

- գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական զբաղվածության խիստ ցածր մակարդակն ու գործնականում առկա ոչ բավարար հնարավորությունները:

Հետևաբար, անվիճելի փաստ է, որ երկրի սոցիալական խնդիրներն առավել սուր և ընդգրկուն են հենց գյուղում, հատկապես՝ սահմանամերձ, լեռնային ու բարձրլեռնային բնակավայրերում: Եվ աղքատության հաղթահարմանն ուղղված պետական քաղաքականությունը կարող է հաջողել միայն այն դեպքում, երբ գյուղացուն տրվող պետական աջակցությունը դառնա առաջնահերթ և համարժեք առկա օբյեկտիվ խնդիրներին: Գյուղացին պետք է մշտապես իր կողքին զգա պետության անհրաժեշտ ներկայությունը և քաջալերումը: Բայց դա չպետք է լինի միայն աղքատության չնչին նպաստների ձևով:

Գյուղատնտեսությանը չի կարելի վերաբերվել որպես բիզնեսի, որտեղ գործում են շուկայական մրցակցության օրենքները, և ուժեղը հաղթում է թույլին ու զբաղեցնում նրա տեղը։

Կարիքի իրական գնահատման վրա և առանձնահատկությունները հաշվի առնելով՝ պետությունը պետք է շարունակաբար իրականացնի կոնկրետ ծրագրեր, որոնք կապահովեն կայուն եկամտաստեղծ ու ինտենսիվ գյուղատնտեսական զբաղվածության պայմաններ: Գյուղատնտեսությանն ուղղվող պետական աջակցության հիմքում պետք է մշտապես դրված լինի «Անապահովությունից՝ կայուն զբաղվածություն» հիմնական սկզբունքը: Մասնավորապես` այս փուլում առաջնային ենք համարում պետական գործուն աջակցությամբ հետևյալ խնդիրների լուծումները՝

-   գյուղատնտեսության ռիսկերի ապահովագրություն,

-   ոռոգման համակարգերի արդիականացում և գյուղատնտեսության մեքենայացման աստիճանի բարձրացում,

-  գյուղմթերքի արդյունավետ և երեշխավորված իրացում և ֆինանսավորման մատչելի հնարավորությունների ապահովում,

-  մեր երկրում արտադրվող գյուղմթերքի իրացման հովանավորչություն ներմուծվողի նկատմամբ:

Հուսանք, որ այս անգամ իշխանության եկած քաղաքական ուժը կմոռանա իր մտքում խնամքով պահած նեոլիբերալ գաղափարները և գյուղատնտեսության զարգացմանը կաջակցի ոչ միայն հորդորներով ու խոստումներով, այլև իրական ու առարկայական ծրագրերով:

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ