կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-08 19:04
Արցախ

Կաունասի հանրային գրադարանում բացվել է «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը

Կաունասի հանրային գրադարանում բացվել է «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը

Դեկտեմբերի 6-ին Կաունասի հանրային գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը Կաունասի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էին Լիտվայում ՀՀ դեսպանությունն ու Կաունասի հանրային գրադարանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հանդես գալով բացման խոսքով՝ դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց ցուցահանդեսի կառուցվածքը, խորհուրդը և ժամանակագրական սահմանները՝ հավելելով, որ շուրջ 40 տարվա ընթացքում աշխարհի ամենատարբեր անկյուններից քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի կողմից հավաքված քարտեզները դիտողին ծանոթացնում են հայոց պատմության ողջ ընթացքին։
 
Անընդունելի համարելով պատմությունը խեղաթյուրելու, կեղծ «պատմական» փաստարկների միջոցով հայ ժողովրդի պատմությունը նսեմացնելու ցանկացած փորձ՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ աշխարհի առաջին քարտեզից սկսած Հայաստանը հիշատակվում է Եփրատ գետից մինչև Կուր գետն ընկած տարածքում՝ հայկական բարձրավանդակում, ինչը և ցույց է տալիս հայ ժողովրդի պատմական հայրենիքի սահմանները։
 
Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց գրադարանի տնօրինությանը, Կաունասի և Կլայպեդայի հայ համայնքների ղեկավարներ Ալեքսանդր Բոյաջյանին և Ալբերտ Ալբերտյանին միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար։
 
Ողջույնի խոսք ասաց նաև գրադարանի տնօրեն Աստա Նաուդժիունիենեն (Asta Naudžiūnienė)` նշելով, որ գրադարանում ցուցադրվում են ոչ միայն Հայաստանի քարտեզները, այլ նաև` հայկական հոգին: Աստա Նաուդժիունիենեն ցուցահանդեսի կազմակերպումը մեծ նվեր համարեց գրադարանին՝ հավելելով, որ այն համաշխարհային քարտեզագրության միջոցով հնարավորություն է տալիս ծանոթանալու հայ ժողովրդի բազմադարյա պատմությանը։
 
Բացման պաշտոնական մասի ավարտից հետո դուդուկի և ազգային երաժշտական այլ գործիքների կատարումներով հանդես եկան Հայաստանից ժամանած երաժիշտները՝ ՀՀ վաստակավոր արտիրստ, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի դուդուկահար-մենակատար Գագիկ Մալխասյանի գլխավորությամբ:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումից հետո տեղի ունեցավ ընդունելություն։ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը բաց է լինելու մինչև 2019թ. հունվարի 5-ը։