կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-27 11:00
Քաղաքական

Չկա նախկին էնտուզիազմը, բայց չարությունը մնացել է. «Հայոց աշխարհ»

Չկա նախկին էնտուզիազմը, բայց չարությունը մնացել է. «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհը» գրում է. «Ըստ էության, խախտելով արդար մրցակցության չափանիշները, իշխող «հեղափոխական ռեժիմը», ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ իր գլխավորած «Իմ քայլի», քարոզարշավն սկսեց նոյեմբերի 24-ին՝ համաքաղաքային քայլերթով: 
   Այդ օրը, մոտ 10 ժամ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նրա մի քանի հարյուր, առանձին դրվագներում՝ հազար կողմնակիցներ քայլեցին մայրաքաղաքում, ոստիկանների, լրագրողների, շտապ բուժօգնության հերթապահ-բրիգադների ուղեկցությամբ: Անցան մոտ 35 կիլոմետր, գուցե քիչ ավելի: Իհարկե, հարուցեցին ավտոտրանսպորտի երթեւեկության դժվարություններ, առանձին դեպքերում՝ խցանումներ: Բայց դա արդեն էական չէ:

   Ակնհայտից էլ ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների մեծ մասը չէր արձագանքել իր առաջնորդի՝ շաբաթ օրը Երեւանով մեկ քայլելու կոչին, ինչի պատճառով էլ երթը սակավամարդ էր, ու դա դեռ՝ մեղմ ասած: Ատրիբուտիկայի, թմբուկ զարկելու, «դըմփ-դըմփ-հո՛ւ» անելու տեսանկյունից երեւի ամեն ինչ «տեղում էր», անգամ աղավնի թռցրին: Բայց բացահայտորեն չկար նախկին խանդավառությունը։ 

   Ավելին՝ եթե «Իմ քայլի» մայրաքաղաքային շաբաթօրյա երթի մասնակիցների շարքում չհաշվենք լրագրողներին ու պարզապես նկարողներին, համազգեստավոր ու անհամազգեստ ոստիկաններին, ԱԱԾ աշխատակիցներին, ապա տակը գրեթե բան չի մնա՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարության մի քանի ներկայացուցիչները, գումարած ՔՊ մշտական ակտիվիստները, այսպես ասենք՝ «աջակցության խումբը»: 

   Եվ դա այն դեպքում, երբ, նկատենք, որոշակիորեն «վարչական ռեսուրս» էր գործադրվել, որ ավելի նկատելի ներկայություն ու մասնակցություն լինի երթին: Դա նկատելի էր թեկուզ նրանից, որ նույնիսկ շտապօգնության ավտոմեքենաներն էին քարոզչական բնույթի դրոշ-պլակատ տեղադրելուն ծառայեցված: Հետո, թերեւս ինչ-որ մեկը հուշեց, եւ որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենաները քարոզարշավային պարտականություններից ազատվեցին: 

   Երթի սակավամարդությունը, ի դեպ, հունից հանեցին թավշյա առաջնորդին անձամբ, ու Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ ագրեսիվությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ հակադարձեց. «Նրանց, ովքեր խոսում են այսօրվա երթի մասնակիցների իբր փոքր թվի մասին. հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա։ Կամ դուք տեղ կհասնե՞ք, թե ոչ։ Այսօրվա երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, յուրաքանչյուրը իր թաղում, իր չափով։ Տասնյակ հազարավոր մարդիկ օդային համբույրներ են ուղարկել եւ ստացել...»։

   Եթե համարենք, որ դա ասում է որեւէ քաղաքական ուժի ղեկավար, միգուցե նորմալ է: Բայց եթե նկատի ունենանք, որ այս արտահայտությունների հեղինակը պետություն է ղեկավարում ու հավակնում է մի 5 տարի էլ ղեկավարել, ապա կսկսես մտահոգվել: 
   Տպավորիչ է, որ յուրաքանչյուրն իր թաղում մասնակցել է համաքաղաքային երթին: Անհասկանալի է «տասնյակ հազարավոր» թիվը: Ավելի տպավորիչ կլիներ ասել՝ հարյուր հազարավորներ, որովհետեւ շաբաթ օրը յուրաքանչյուրը իր թաղում, իր տանը... քայլել է: Տողերիս հեղինակը, օրինակ, նույնիսկ խանութ է գնացել-եկել: 

   Եվ «օդային պաչիկների» մասին, որ էլի «հեղափոխականության» չափման միավոր են: Այն, որ տասնյակ հազարավոր մարդիկ նման համբույրներ են ուղարկել, բան չունենք ասելու: Բայց ինչո՞ւ են օդային համբույր ստացողները եւս տասնյակ հազարավոր: Մի՞թե միլիոնանոց մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանը միայն տասնյակ հազարավորների է օդային համբույր ուղարկել»: 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: