Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Հայոց աշխարհը» գրում է. «Երեկ անմիջապես ուշադրություն գրավեց այն ակներեւ փաստը, որ մայրաքաղաքի (ոչ միայն) տարբեր տարածքներում, գովազդային վահանակներին փակցվում են «Իմ քայլի» եւ «Լուսավոր Հայաստանի» քարոզչական պաստառները:
Իսկ ուշադրություն գրավեց մի պարզ պատճառով. նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, նոյեմբերի 26-ին է: Իսկ երեկ նոյեմբերի 23-ն էր:
«Իմ քայլի» պաստառներին Նիկոլ Փաշինյանի դիմանկարն է՝ վարչապետական հագուկապով, բայց առանց եռագույն փողկապի, ձեռքերը ոչ այն է՝ հաղթական, ոչ այն է՝ որպես ողջույնի նշան, ափերը բաց, վեր պարզած ու դաշինքի կարգախոսը՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»:
Փաշինյանի ոչ շատ վաղուցվա դաշնակից Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանի» քարոզչական պաստառը նույնքան «շքեղ» չէ, պարզապես պատկերված են կուսակցության ղեկավարն ու նրա առավել նկատելի երեք կուսակիցներ:
Բայց ինչ էլ լինի, հատկապես իշխանական ուժի՝ նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկից առաջ ընկնելու բացահայտ մղումը պարզապես անհնար է չնկատել: Դա առնվազն լավ բան չի հուշում:
Կոնկրետ քարոզչական պաստառների՝ գովազդային վահանակներին հայտնվելու պահը առիթ տվեց, որ աչքի անցկացնենք Ընտրական օրենսգիրքը: Արտաքուստ կամ զուտ ձեւական առումով կարծես թե խախտում չկա: Համենայն դեպս Ընտրական օրենսգրքի՝ նախընտրական քարոզչության շրջանի վերաբերյալ հատվածում կա մի սողանցք-ձեւակերպում, որն էլ թույլ է տալիս, այսպես ասած, «պլստալ»: Խոսքը կոնկրետ ԸՕ 19-րդ հոդվածի 1-ին կետի հետեւյալ կետի մասին է. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը»: Դրա տակ, իբր, «մտնում է» նաեւ երեկ սոցցանցերում հիմնական քարոզչապաստառային նյութերի վաղաժամ տարածումը:
Եվ ԿԸՀ-ից էլ մեզ պատասխանեցին, որ այդ գովազդավահանակային դրսեւորումն օրենքի խախտում չի դիտվում՝ վկայակոչելով հենց քիչ առաջ օրենսգրքից մեջբերված ձեւակերպումը:
Հարկավ, եթե մրցակից ուժերը համարում են, որ իրավական տեսանկյունից խնդիր կա, կարող են ավելի մանրակրկիտ ուսումնասիրել այս հարցը եւ արդեն օրենքով սահմանված կարգով դրան ընթացք տալ, մասնավորապես պաշտոնական պարզաբանման համար դիմել ԿԸՀ եւ այլն:
Բայց մեզ այլ հարց հետաքրքրեց, ու ոչ թե իրավական, այլ բարոյական։ Գուցե վաղաժամ այդ քարոզչապաստառումը օրենքի խախտում չէ, բայց ավելի վատ է: Այնքան վատ, քան եթե օրենքի խախտում լիներ: Ինչո՞ւ: Ո՞վ եւ ո՞ր ուժն է նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկից առաջ ընկած, այսպես ասենք՝ շտապում գովազդային վահանակները «գրավել»: Ճի՛շտ է, առաջին շտապողը Փաշինյանն ու իր գլխավորած «Իմ քայլը» դաշինքն է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: