Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ըստ էության, Սահակաշվիլի-Բիձինաշվիլի պայքար է ընթանալու: Այս մասին Երևան-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Ըստ նրա` Ջավախքի հայերն ընտրություն կատարելիս հիշելու են Միխեիլ Սահակաշվիլու նախագահության օրոք հակահայկական գործողությունները: «Նրանք կքվեարկեն Սահակաշվիլիի հետ ասոցացվող անձի դեմ»,- կարծիք հայտնեց վրացագետը:
Մելիքյանը հիշեցրեց նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը Վրաստանի հայերին քաղաքացիություն շնորհելու մասին, ինչը, իհարկե, ընտրությունների առաջին փուլում որոշակի ընտրազանգված ապահովեց հայերի շրջանում, և դա նաև հետագայում դերակատարում կունենա:
Ըստ վրացագետի` Վրաստանում հայերը հիմնականում քվեարկել են իշխանության ներկայացուցչի օգտին, բացառությամբ 2012-ի, երբ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ը խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ:
«Պետք է նկատել, որ ադրբեջանական ծագմամբ վրացական պատգամավորները չեն լքել «Ազգային շարժման» շարքերը: Հայ պատգամավորները, սակայն, անցան նոր իշխանությունների կողմը՝ արջի ծառայություն մատուցելով նրանց: Ըստ այդմ՝ որ ուժն էլ գա իշխանության, պետք է կադրային քաղաքականությունը թարմացնի՝ ակտիվ, խելացի երիտասարդների բերի իշխանության, այլ ոչ թե նրանց, ովքեր փորձ ունեն և եղել են այլ կուսակցություններում»,- հավելեց Մելիքյանը:
Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցում է Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունը, իսկ ընդդիմադիր թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հաղթանակով հնարավոր է Միխեիլ Սահակաշվիլին վերադառնա Վրաստան:
Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին առաջին փուլում հավաքել է անհրաժեշտ 50%-ից պակաս ձայն՝ 38,6%: Ընդդիմությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն հավաքել է 37,75% ձայն: Նա Զուրաբիշվիլիի հետ դուրս է եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը կկայանա նոյեմբերի 28-ին:
Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ապա դրանք կշարունակվեն համարվել բարեկամական: Վրացագետը հույս ունի, որ 2019-ին կկայանա միջկառավարական նիստ՝ ուղղված առևտրատնտեսական կապերին, որը նոր որակ կհաղորդի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերություններին:
Ջոնի Մելիքյանի հետ համաձայն են վրացի փորձագետները: «Ով էլ Վրաստանում գա իշխանության, դա չի ազդի պաշտոնական Երևանի հետ հարաբերությունների վրա»,- նշեց միջազգային հարցերով փորձագետ Վասո Կապանաձեն: