Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողներին ցուցադրեց իր զինգրքույկը՝ հավաստիացնելով, որ ծառայել է ու առողջական խնդիրների պատճառով զորացրվել:
Նա նշեց, որ զորակոչվել է 2015-ի դեկտեմբերի 25-ին ՊԲ-ի գլխավոր շտաբ` Ստեփանակերտ, զորացրվել է 2016-ի նոյեմբերի 27-ին: «Զորացրվել եմ առողջական վիճակի պատճառով: Ես 33 տարեկանում եմ զորակոչվել բանակ, քանի որ բժիշկ եմ, սպա եմ և պարտավոր եմ ծառայել մինչև 35 տարեկան: Մինչև 27 տարեկան ունեցել եմ ուսումնական տարկետում, իսկ հետո ինձ մոտ հայտնաբերվել է հիվանդություն, ինչի պատճառով 5 տարի ազատված եմ եղել բանակից: Սակայն տարիներ անց` կարգերը փոխվելուց հետո, այդ հիվանդությունն այդ աստիճանի ծանր չի համարվել, և ես զորակոչվել եմ»,- ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ ապրիլյան քառօրյայի ժամանակ էլ երեք ամիս եղել է ուժեղացված ռեժիմի տակ, ինչը ենթադրում է 24-ժամյա առկայություն զորամասում: «Ապրիլի 1-2-ի գիշերն էլ Ստեփանակերտում հերթապահ եմ եղել: Հետո մոտս սրացում է եղել, որի պատճառով նորից փորձաքննություն է եղել ու նորից ազատվել եմ բանակից: Պարբերական հիվանդության մասին է խոսքը, որի պատճառով մարդիկ երիկամներից են զրկվում ու դիալեզի վրա են նստում»,- ասաց Թորոսյանը ու ծոցագրպանից հանեց ինչ-որ դեղահաբեր՝ պարզաբանելով, որ ամեն օր խմում է այդ դեղը, որպեսզի երիկամային անբավարարություն չունենա ու փոխպատվաստման չգնա: