Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ԱԺ հարցուպատասխանի ժամին հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց, որ երեկ, երբ քաղաքացիները, ԱԺ-ի բակում լսելով վարչապետի խոսքը, լուռ հեռանում էին Դեմիրճյան փողոցով, ականատես եղան, թե ինչպես են ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը և նրա հետ գտնվող մարդիկ հայհոյանքներ հնչեցնում քաղաքացիների հասցեին:
«Կա նման տեսանյութ: Արդյոք տեղյա՞կ եք միջադեպի վերաբերյալ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիներին հայհոյող, հասարակական կարգը խախտող անձանց նկատմամբ»,- հետաքրքրվեց Նազարյանը:
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ միջադեպը վկայում է այն մասին, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իր հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահներին պետք է պառկեցնել ասֆալտին:
«Մեր ժպիտներն ու քաղաքավարությունը որևէ մեկը հանկարծ չփորձի մեկնաբանել որպես թուլություն: Երեկ, երբ խոսք էր գնում այն մասին, թե, մասնավորապես, ինչ եմ ես ակնկալում ՀՀԿ պատգամավորների կողմից, ես պարզ արձանագրեցի, որ նրանք շատ են բողոքում, որ սոցցանցերում, հրապարակային, այլ տեղերում մարդիկ հայհոյում են իրենց, վիրավորական բառապաշար օգտագործում, և ՀՀԿ-ականներն էլ ասում են, որ սա ատելության քարոզչություն է: Ես էլ երեկ նրանց ասացի՝ ակնկալում եմ ձեր աջակցությունը, որպեսզի մենք այդ երևույթը կարողանանք հաղթահարել: Սա շատ կարևոր է իսկապես: Ես չգիտեմ, քննությունը կպարզի՝ Միհրան Պողոսյանի թիկնապահնե՞րն են եղել, թե՞ ոչ, բայց Պողոսյանը երեկ նույնպես այնտեղ ներկա է եղել»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ Միհրան Պողոսյանն այդպիսի պահվածք է ցուցաբերել, սա կնշանակի, որ նա լավ չի հասկանել այն, ինչ կատարվել է այդ սենյակում, և լավ չի հասկանում այն, ինչ կատարվում է ՀՀ-ում: Փաշինյանը նշեց, որ ուղիղ կասի՝ երեկ զգացել է, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում իրենից, որպեսզի մեր հայրենակիցներին հասկանալի դարձնի իր խնդրանքներն ու հորդորները՝ ԱԺ պատգամավորների և հատկապես ՀՀԿ պատգամավորների նկատմամբ ցուցաբերել հանդուրժողական վերաբերմունք: «Այս առումով` ես կարծում եմ, որ, իսկապես, մենք ունենք խնդիր, և եթե պարզվի, որ ՀՀԿ կամ մեր կուսակցության որևէ պատգամավոր կամ նրան ուղեկցող անձ նման պահվածք են ցուցաբերում, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից: Հույս ունեմ, որ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիներն իրենց բավարարված կզգան դրանից, և չի ստացվի այնպես, որ Միհրան Պողոսյանը և նրա նմանները Երևանի փողոցներում քայլելու խնդիր ունենան: Ես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, ովքեր այդպիսի արարքների հեղինակներ են, զգուշացնել, որ նրանք շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, թե կարող է իրենց ուժերը չբավարարեն, որպեսզի ոմանց՝ Երևանում հանգիստ քայլելու իրավունքը կարողանան պատշաճ ձևով կազմակերպել: «Այնպես որ` իրավապահները պետք է շատ կտրուկ գործեն և, իմ տեղեկություններով, այդ գործով արդեն կան բերման ենթարկվածներ»,- ասաց նա: