կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-29 20:40
Հասարակություն

Գավառում անցկացվեց «Մեծ փուռ-2018» փառատոնը

Գավառում անցկացվեց «Մեծ փուռ-2018» փառատոնը

Սեպտեմբերի 29-ին Գավառ քաղաքի զբոսայգում անցկացվեց «Մեծ փուռ- 2018» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: Փառատոնին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ, արտասահմանցի հյուրեր:

Ինչպես ներկայացրեց միջոցառման նախաձեռնող խմբի համակարգող Աստղիկ Հովեյանը, «Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում: Փառատոնի աջակիցն է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ իրականցվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ:
«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում ստեղծված Գանձակ եւ Սարուխան համայնքների կարտոֆիլ արտադրողների 2 խմբերի կողմից կազմակերպվեց «Փռի կարտոլի» հյուրասիրություն:

Վաճառքի տաղավարներում տարածաշրջանի արտադրողները ներկայացրին քյուֆթա, արիշտա, փախլավա, գաթա եւ ավանդական այլ ուտեստներ: Ի դեպ, քյուֆթայի եւ արիշտայի պատրաստման տաղավարներում այցելուները հնարավորություն ունեցան՝ տեսնելու եւ մասնակից դառնալու դրանց պատրաստման արարողությանը:

Փառատոնն կուղեկցվեց ժողովրդական երգ ու պարով, այցելուների մասնակցությամբ կազմակերպվեց տարատեսակ հետաքրքիր մրցույթներ եւ սպորտային խաղեր: Միջոցառման մասին իրենց տպավորություններով կիսվեցին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

«Համտեսեցի փռի կարտոֆիլ, ինչը շատ համեղ էր, որոշ գնումներ կատարեցի: Հիմա միջոցառումները շատ կարեւոր են, իսկ այս միջոցառումը վերածվել էր մի յուրատեսակ տոնակատարության: Ամեն համայնք ունի իր համուհոտը, եւ այսօր Քյավառի համուհոտն իր կարեւոր դերակատարումն ունեցավ»,-նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Մեծ փուռն արդեն ավանդույթ է դարձել Գավառ քաղաքում, ինչը նաեւ խորհրդանշում է բերքահավաքի սկիզբը: Մարզը տարեկան արտադրում է ավելի քան 200 հազար տոննա կարտոֆիլ, ինչը նպաստում է երկրի պարենայինն անվտանգության ապահովմանը: Այս միջոցառմամբ մենք նաեւ գնահատում ենք մեր գյուղաշխարհի մարդկանց աշխատանքը՝ բերքահավաքը վերածելով կատարյալ տոնի: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի այս փառատոնը շարունակել ամեն տարվա բերքահավաքի օրերին »,-նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Միջոցառման համակարգող Աստղիկ Հովեյանի հավաստմամբ՝ փառատոնին մասնակցեցին ավելի քան երեք հազար հոգի:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին