Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր «Հոդված 3» ակումբը «ժպտում էր». հյուրերը Երևանի քաղաքապետի ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության ցուցակով քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը և ցուցակի 3-րդ համար Հովսեփ Խուրշուդյանն էին:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքը սկսեց ոչ միայն ժպիտով, այլև լավատեսական տրամադրությամբ. մյուս կուսակցությունների թեկնածուներին ասում էր ոչ թե` հակառակորդներ, այլ` մրցակից-բարեկամներ: Նա վստահ է, որ մասնակցելու ենք արդար, իրավական ընտրությունների, որոնց ընթացքում կատարվելու է գիտակից ընտրություն: Ըստ Հովհաննիսյանի` նախորդ ընտրություններում կար ռեժիմի խնդիր և լարվածություն, հիմա իրավիճակն այլ է. մի շարք առաջխաղացումներ, նախորդ ընտրությունների համեմատ, նկատելի են արդեն իսկ այս քարոզարշավի ընթացքում` տեխնիկապես, ընթացակարգային առումով:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարն ասուլիսի սկզբում անդրադարձավ հանրության շրջանում լայն քննարկման առիթ դարձած` «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի` «սև և սպիտակ ուժերի» մասին հայտարարությանը և ասաց, որ դրանք տախտակախաղային գույներ են, Երևանին բազմագույն ապագա է պետք, կամ մեր դեպքում` եռագույն:
Որպես ավագ թեկնածու` Հովհաննիսյանն այս ընտրություններում իր գործընկերներին կոչ արեց լինել զգույշ պետական հնարավորությունների օգտագործման պահով և չտրվել գայթակղությանը:
Անդրադառնալով վերջին շրջանում հնչող` բանավեճի առաջարկներին` «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ նրանք, ովքեր այսօր դարձել են բանավեճի առաջամարտիկներ, հրաժարվում էին իրենց հետ բանավիճելուց:
Իսկ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, այն միայն մենեջերի աշխատանք չէ, և արտահայտեց այն տեսակետը, որ մեր պետության նման հետհեղափոխական երկրներում բոլոր տիպի իշխանությունները չպետք է կենտրոնանան մեկ իշխանության ձեռքում: Նա կարևոր խնդիր համարեց նաև այն, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինները չունեն առանձին բյուջե, այլ այն ձևավորվում է կենտրոնական բյուջեում, և հետո այնտեղ որոշում են, թե ինչքան տան սրան կամ նրան:
«Ժառանգություն» կուսակցությունը խոստանում է ընտրվելու դեպքում առաջնահերթ անդրադառնալ երեք կարևորագույն խնդիրների` վթարային շենքերի ամրացում, մաքուր, գեղեցիկ, «արժանավայել» քաղաքի և ներառական, տեխնոլոգիական մայրաքաղաքի կառուցում, մայրաքաղաքի բյուջեի կրկնապատկում: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ կապ չունի` ով կընտրվի և կդառնա քաղաքապետ, բոլոր խմբակցությունները պետք է պատրաստ լինեն ցանկացած ելքի դեպքում օգնել իրագործել ծրագրերը, որոնք գրեթե բոլոր մասնակից ուժերի ծրագրային ցուցակներում են:
Վերջում ոչ լրատվական դաշտից մի քաղաքացու հարցին, թե սխալ չի՞ համարում 2013թ. նախագահական ընտրություններում այդքան պայքարելուց հետո աղոթքի ու մոմավառության գնալը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ եթե անգամ դա սխալ էր, ինքը պատրաստ է հարկ եղած դեպքում ևս մեկ անգամ կրկնել այն, քանի որ իր այդ քայլն է ապահովել հարյուրավոր մարդկանց կյանքն ու անվտանգությունը, իր քայլն է թույլ տվել խուսափել Մարտի 1-ի դեպքի կրկնության, իր քայլն է հասունացրել հասարակությանը, ստեղծել այն պայմանները, որոնք այս ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրեցին ոչ բռնի հեղափոխության: