Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեղադրական եզրակացությամբ` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել Սանահինի միջնադարյան վանական համալիրի պահպանման գոտում ապօրինի գերեզման կառուցելու դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործը: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են դատախազությունից:
2017 թվականի հուլիսի 18-ին News.am ինտերնետային կայքէջում հրապարակված «Եթե որևէ գործողություն չլինի՝ կդիմենք իրավապահներին. Սանահինում քանդել են եկեղեցու բակի տապանաքարը և նոր թաղում արել» հոդվածի վերաբերյալ նախապատրաստված նյութերի ընթացքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ պետության պահպանության տակ գտնվող Սանահինի միջնադարյան վանական համալիրի պահպանման գոտում ապօրինի գերեզման կառուցելու կապակցությամբ կատարված աշխատանքների ընթացքում վնասվել է Զաքարյան իշխանների դամբարանի ամբողջականությունը, խախտվել է դամբարանի անմիջական գոտին, քանդվել են նախկին ննջեցյալների տապանաքարերը:
Դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից 2017թ. օգոստոսի 1-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ և 265-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Կատարված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Գ. Վ.-ն 2017 թվականի հունիսի 19-ին, հոր մահից հետո, ինքնակամ որոշել է հանգուցյալ հորը հուղարկավորել 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության արժեքների ցանկում «Հաղպատի և Սանահինի վանքեր» հայտի ներքո ընդգրկված, պետության պահպանության տակ գտնվող, առանձնակի արժեք ունեցող, Սանահինի վանական համալիրի պահպանման գոտու տարածքում` Զաքարյան իշխանների դամբարան-մատուռ տանող ճանապարհի վրա:
Խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջները` չունենալով հուշարձանների պահպանական գոտիների տարածքում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքներ կատարելու լիազորված մարմնի թույլտվություն, գիտակցելով պատմական հուշարձանի հնարավոր վնասման հանգամանքը՝ Գ.Վ.-ն դիմել է Ալավերդի քաղաքի մի բնակչի՝ խնդրելով հոր հուղարկավորությունը կազմակերպելու համար իր կողմից մատնացույց արված վերոհիշյալ ճանապարհի վրա գերեզմանի փոս փորել:
Տեղյակ չլինելով, որ տվյալ տեղանքը գտնվում է Սանահինի վանական համալիրի պահպանման գոտու տարածքում ու դրա վերաբերյալ առկա չէ հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքներ կատարելու լիազորված մարմնի թույլտվություն, 2017 թ. հունիսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Գ.Վ.-ն միայնակ փորել է գերեզմանի փոս և կատարել հողային աշխատանքներ: Նա 2017 թվականի հունիսի 21-ին կատարել է հանգուցյալ հոր հուղարկավորությունը, ապա օրեր անց` 2017թ. հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, մեկ այլ համաքաղաքացու օգնությամբ ցեմենտ-ավազե շաղախով ապօրինի կառուցել է գերեզման:
Այդ ամենի հետևանքով վնասվել է առանձնակի արժեք ունեցող, պատմության և մշակույթի հուշարձանը, վնասվել և աղճատվել է հուշարձանի պատմականորեն գոյություն ունեցող և անխաթար պահպանված միջավայրը, դրա բնական լանդշաֆտը, արժեզրկվել է հուշարձանը և դրա գեղարվեստական ընկալումը: 2017թ. դեկտեմբերի 20-ին Գ. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Առաջադրված մեղադրանքում Գ.Վ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել, որ գերեզմանը կառուցելիս տեղյակ չի եղել, որ այն գտնվում է Սանահինի վանական համալիրի տարածքում, ու իրեն ոչ ոք չի արգելել այդ տարածքում գերեզման կառուցել:
2018 թվականի մարտի 2-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել Գ.Վ.-ի կողմից պետության պահպանության տակ գտնվող, առանձնակի արժեք ունեցող պատմամշակութային հուշարձանը վնասելու դեպքին վերաբերող մասն անջատելու մասին, որով մեղադրական եզրակացությունը մարտի 7-ին հաստատվել է գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից և ուղարկվել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի մասով նախաքննությունը շարունակվում է: