Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դա ո՛չ առաջին հայտարարությունն է, որը մտահոգիչ է, ո՛չ էլ վերջինն է լինելու. խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի` օրեր առաջ տարածած հայտարարության վերաբերյալ կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ամենամտահոգիչ ձևակերպումը հայտարարությունում այն է, որ ասվում է. «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով»: Սա, ըստ էության, հակասում է հայկական կողմի` նախկինում պահված սկզբունքային մոտեցմանը, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991 թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեով ինքնորոշվել են, և դա պարտադիր իրավաբանական ուժ ունի: Մեր կողմը պնդել է, որ դա տեղի ունեցած փաստ է, և հիմա կրկին խնդրել, որ նման հանրաքվե պետք է անցկացնել` նշանակում է հաշվի չառնել այն հանրաքվեն»,- ասաց նա:
ԼՀԿ-ն, ըստ Մարուքյանի, նախընտրական փուլում հայտարարել է ու հիմա էլ հայտարարում է, որ աջակցում է իշխանության բոլոր այն ջանքերին, որոնցով փորձ է արվում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը նույնպես ներգրավել բանակցային գործընթացում: Նա նշեց, որ իշխանությունները, վարչապետը, ԱԳ նախարարը բանակցությունների ընթացքում պետք է շարունակեն պնդել, որ Արցախը վերադառնա բանակցային գործընթաց:
«Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա, Ադրբեջանում էլ Արցախը դեռ ճանաչող չկա: Այս առումով կարևոր է բանակցել, որովհետև ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան իրար վրա կրակելը»,- կարծիք հայտնեց Էդմոն Մարուքյանը: