կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-13 14:22
Քաղաքական

Թանդիլյանի որոշումը մեզ համար անակնկալ էր. Էդմոն Մարուքյան

Թանդիլյանի որոշումը մեզ համար անակնկալ էր. Էդմոն Մարուքյան

Մանե Թանդիլյանի որոշումը կուսակցության դիրքորոշումը չի եղել, այլ նրա անձնական որոշումը` պայմանավորված որոշակի հանգամանքներով, որի վերաբերյալ նա երեկ արտահայտվել է. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Մանե Թանդիլյանի` սոցապ նախարարի պաշտոնից հրաժարվելուն:

«Այդ որոշումն անակնկալ էր մեզ համար: Միևնույն ժամանակ ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Թանդիլյանի որոշմանը: Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ քաղաքական զինակիցն է, նա կայացրել է անձնական որոշում: «Դեմ եմ շարժման» առաջնորդներից է եղել նա, և բնականաբար, պարտադիր կուտակային համակարգն ու դրա ներդրման հետ կապված խնդիրները նրա համար կարևոր նշանակություն ունեն: Նշված իրավիճակից ելնելով` նա այդ քայլին է գնացել»,- ասաց նա:

Մարուքյանը շեշտեց, որ վարչապետը դեռևս չի ընդունել Թանդիլյանի հրաժարականի դիմումը, երբ կընդունի, իրենք կանդրադառնան հարցին` արդյո՞ք ԼՀ-ն այլ մարդ  կներկայացնի այդ պաշտոնի համար: «Այս պահին այլ մարդու հարց չենք քննարկում, որովհետև նրա դիմումը դեռևս ընդունված չէ»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է Թանդիլյանի` կուսակցությունից դուրս գալու որոշմանը, Մարուքյանն ընդգծեց, որ կուսակցությունից դուրս գալու հարցը նույն անձնական դաշտում է: «Որքանով որ մեկնաբանել է տիկին Թանդիլյանը, դա պայմանավորված է նրանով, որ չխոչընդոտի կառավարությանն աջակցելու` կուսակցության գործունեությանը: Չնայած` ես ձեզ պետք է ասեմ, որ նման խնդիր չկա. Թանդիլյանը կարող էր հրաժարական ներկայացնել, դուրս գալ կառավարության կազմից, բայց կուսակցությունը շարունակեր իր դիրքորոշումը պահպանել»,- ասաց նա:

Հարցին էլ` Թանդիլյանն արդեն կուսակցությունից դո՞ւրս է եկել, Մարուքյանը պատասխանեց, որ հայտարարություն է արել, բայց կուսակցությունը դիմում չի ստացել: «Նա սովորական անդամ չէ, կուսակցության փոխնախագահն է, մեզ համար դա շատ ցավոտ որոշում է, բայց մենք հարգում ենք նրա որոշումը»,- ասաց նա, ապա հավելեց, որ կուսակցությունը տեղեկացված չի եղել Թանդիլյանի որոշման մասին:

Մարությանը միևնույն ժամանակ նշեց, որ իրենք չէին ուզենա, որ Թանդիլյանը հրաժարական տար և դուրս գար կուսակցույթյունից, բայց, ըստ պատգամավորի, որևէ մեկի որոշման վրա չի կարելի բռնանալ:

Yerkir.am-ի հարցին` Մանե Թանդիլյանի` կուսակցությունից դուրս գալն արդյո՞ք չի նշանակում, որ Թանդիլյանը չի ստացել կուսակցության աջակցությունը, Մարուքյանն արձագանքեց. «Չէր նշանակում, որ կուսակցությունը չէր աջակցում Թանդիլյանին, որովհետև Թանդիլյանը կուսակցության կողմից ներկայացված նախարար էր և, բնականաբար, ուներ կուսակցության աջակցությունը այդ պաշտոնում: Միևնույն ժամանակ, որևէ նախարարություն առանձին չի կարող դիտարկվել կառավարության ընդհանուր գործունեության տրամաբանությունից դուրս, և տիկին Թանդիլյանի նախաձեռնությունն առ այն, որ առաջարկել էր հետաձգել համակարգը, դա նաև մեր կուսակցության դիրքորոշումն էր եղել, բայց, միևնույն ժամանակ, կառավարությունը քննարկումների արդյունքում եկել է ընդհանուր դիրքորոշման, որի արդյունքում որոշվել է այն, ինչ որոշվեց կառավարության նիստում»:

Հարցին էլ` «Ելք»-ն ինքն իրեն չի՞ հակասում, երբ նախընտրական ծրագրում ասել էր` գանք իշխանության, պարտադիր կուտակային համակարգը չեղարկելու ենք, եկաք իշխանության, չչեղարկեցիք, Մարուքյանը պատասխանեց, որ «Ելք»-ը, որպես այդպիսին, չի եկել իշխանության: 

««Ելք»-ն ինչ ծրագրով, որ մասնակցել է ընտրություններին, ստացել է 9 մանդատ, և դրա մասին շատ ենք խոսել: Այդ հարցին պատասխանել է նաև վարչապետը, որ այն կարող էր հետաձգվել, բայց կառավարության ընդհանուր դիրքորոշումը եղել է այն, որ չի հետաձգվել»,- ասաց նա: