կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-22 21:28
Քաղաքական

Մադագասկարի ԱԳ նախարարը առաջարկել է Մադագասկարը դիտարկել՝ որպես աֆրիկյան շուկա դուրս գալու հարթակ

Մադագասկարի ԱԳ նախարարը առաջարկել է Մադագասկարը  դիտարկել՝ որպես աֆրիկյան շուկա դուրս գալու հարթակ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մադագասկարի Հանրապետության արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակային:
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին աշխուժացել է երկկողմ քաղաքական երկխոսությունը տարբեր միջազգային հարթակներում և, հատկապես, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, ու պետք է աշխատել այս դրական միտումը նաև առևտրատնտեսական ոլորտում տարածելու ուղղությամբ:

Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է նաև Մադագասկարի գործարարների մասնակցությունը հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակում կազմակերպվող գործարար համաժողովին: Վարչապետը նշել է, որ մեր երկրում ներկայում բավական նպաստավոր տնտեսական իրավիճակ է ձևավորվել ներդրումային ծրագրերի համար, և լավ հնարավորություններ կան՝ ոչ միայն հայաստանյան, այլև երրորդ շուկաներ մուտք գործելու և բիզնես գործունեություն ծավալելու համար: 
Մադագասկարի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ տպավորված է առաջին քրիստոնյա երկիր իր այցելությամբ:

Նրա խոսքով՝ Մադագասկարը ողջունում է և հնարավորինս նպաստել է, որպեսզի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովն անցկացվի Հայաստանում: Անրի Ռաբարի-Նձական նշել է, որ իր երկրի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան ակնկալվող այցի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև երկկողմ տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները: Ռաբարի-Նձական առաջարկել է նաև իր երկիրը դիտարկել՝ որպես աֆրիկյան շուկա դուրս գալու հարթակ: Վարչապետը ողջունել է Մադագասկարի կառավարական պատվիրակության առաջին այցը Հայաստան և պատրաստակամություն հայտնել՝ ակտիվ աշխատել երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացնելու ուղղությամբ: