|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նոյեմբերի 24-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Անտանանարիվուում հանդիպեց ՖՄԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլային:
Նախարար Աթալլան, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, նշեց, որ ջերմությամբ է հիշում նախորդ տարի Երևանում բարձր մակարդակով կազմակերպված Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը ու դրա շրջանակներում ունեցած հանդիպումը: Նա խորհրդանշական համարեց, որ հենց Երևանում է Սենեգալից Մադագասկարին փոխանցվել ՖՄԿ նախարարական համաժողովի նախագահությունը։
Զրուցակիցները, կարևորելով երկու պետությունների միջև համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը, ընդգծեցին դրանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ կամրջելու տարբեր մայրցամաքների և մշակույթների ժողովուրդներին:
Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Շեշտվեց փոխգործակցության սերտացման գործում առկա մեծ ներուժը: Հայաստանի և Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնելու երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունները:
Էդվարդ Նալբանդյանը և Բեատրիս Աթալլան քննարկեցին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի, ինչպես նաև գագաթաժողովի օրակարգային հարցեր: Զրուցակիցներն արժևորեցին միջազգային հարաբերություններում ՖՄԿ դերակատարության մեծացմանն ու հեղինակության բարձացմանն ուղղված՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի ջանքերը:
Նախարարներ Նալբանդյանը և Աթալլան մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: