կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-09 12:44
Քաղաքական

ԲՀԿ-ականները Երևանի ավագանիում ո´չ հնազանդ կլինեն, ո´չ կատաղի ընդդիմադիր

ԲՀԿ-ականները Երևանի ավագանիում ո´չ հնազանդ կլինեն, ո´չ կատաղի ընդդիմադիր

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները` Արման Աբովյանը, Միքայել Մանրիկյանը, Արմեն Ներսիսյանը, Մարկոս Հարությունյանը, Հռիփսիմե Առաքելյանը, այսօր մամուլի ասուլիսում խոսեցին Երևանի խնդիրներից, դրանց լուծման` իրենց տեսլականներից:

Արման Աբովյանը նշեց, որ Երևանի բյուջեն պետք է ծախսվի արդյունավետ:  «Երևանի բյուջեն չի համապատասխանում քաղաքին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Երևանն ունի մեծ խնդիր, պետք է ոչ թե բյուջետային ծախսերը բարձրացնել, այլ այդ ծախսերի արդյունավետ օգտագործումն ապահովել»,- ասաց նա:

Ըստ Աբովյանի` իրենց խմբակցությունը հրաժարվում է ծառայողական մեքենաներից: «Կոչ եմ անում մեր գործընկերներին` հետևել մեր օրինակին: Մարդիկ, որոնք զբաղվելու են Երևանի տրանսպորտի խնդիրներով, լավ կլինի, որ երթևեկեն տրանսպորտով կամ հեծանվով, մանավանդ, որ դրա օրինակն ունենք, երբ բարձրաստիճան պաշտոնյաները հեծանվով են երթևեկում»,- ընդգծեց նա:

Ավագանու անդամներն անդրադարձան նաև հարկային բեռին: Արմեն Ներսիսյանը նշեց, որ իրենք լիցենզիան վերացնելու կողմնակից են: «Ոսկու շուկան և' հարկ է վճարում, և' տարեկան 50 հազար լիցենզիա, սարսափելի վիճակ է»,- հայտարարեց նա:

Աբովյանը նշեց, որ իրենք չեն պատրաստվում հնազանդ լինել:«Մեր գործառույթներն իրականացնելիս ո'չ պատրաստվում ենք հնազանդվել ամեն ինչի հետ, ո'չ էլ պատրաստվում ենք կատաղի ընդդիմանալ: Ամեն ինչ արվելու է հանուն Երևանի: Մեր ֆրակցիայի աշխատանքը լինելու է բաց և թափանցիկ: Կոչ եմ անում երևանցիներին` մեզ հանգիստ չթողնել, բարձրաձայնել խնդիրները, նաև տալ դրանց լուծման` իրենց տարբերակը»,- ասաց ավագանու անդամը:

Հարցին` իրենք ընդդիմադիր` «սև», խմբակցությո՞ւն են լինելու, Աբովյանը պատասխանեց. «Բացարձակ անընդունելի է մարդկանց կիսել սև-սպիտակի: Այդ տխրահռչակ դասակարգումը պետք է հանվի: Մենք դասական ընդդիմադիր չենք լինելու: Էլի եմ ասում` ո'չ կատաղի ընդդիմանալու ենք, ո'չ էլ ամեն ինչի հետ հնազանդվելու ենք: Եթե մեր գործընկերները լավ ծրագիր ներկայացնեն, մենք չենք ընդդիմանա այդ ծրագրին»:

Աբովյանը նաև նշեց, որ իրենք ներկայացված են լինելու բոլոր հանձնաժողովներում: