կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-18 12:00
Հասարակություն

Ունենք փաստեր, որ տենդերում հաղթում են անհասկանալի կառույցներ. վարչապետ

Ունենք փաստեր, որ տենդերում հաղթում են անհասկանալի կառույցներ. վարչապետ

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ճանապարհաշինարարության և հիմնանորոգման ոլորտում որակավորման ինստիտուտի ներդրման վերաբերյալ:

Ըստ վարչապետի` ներկայումս գործող կարգավորումների արդյունքում ճանապարհաշինարարության և հիմնանորոգման ոլորտում գնումների գործընթացը իրականացվում է առանց որակավորման ինստիտուտի ներդրման, ինչի արդյունքում նախագծման, տեխնիկական հսկողության, շինարարական աշխատանքները առաջացնում են խնդիրներ: Եվ այդ խնդիրների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով գնումների ընթացքում պետք է ներառել որակավորման ինստիտուտը:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարին, ֆինանսների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին վարչապետը հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում պետական գնումների նախաորակավորման ինստիտուտ ներդնելու վերաբերյալ առաջարկություններ:

Կարապետյանը հստակեցրեց` ինչի մասին է խոսքը. «Այս մոտեցմանը դեմ է հիմնականում ֆինանսների նախարարությունը` մտահոգություն ունենալով, որ կարող է բաց թողնենք էժան լուծումները: Բայց մենք ունենք փաստեր, որ, առանց որակավորման, հաղթում են տենդերը անհասկանալի կառույցներ, որոնք համապատասխան հմտություններ չունեն»:

Վարչապետը նշեց, որ  ինքը հիմա այցելում է բոլոր գերատեսչություններ, և առկա է մի քանի հայտանիշ, որով գնահատվում է գերատեսչությունների աշխատանքը: Դրանցից մեկը գնումների գործընթացն է` տարբեր տարիների համեմատության մեջ: Ըստ նրա` օպտիմալացման մեծ տեղ կա: