|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայ-իրանական հարաբերությունների բարեկամական բնույթը չի փոխվել, խնդիրն այն է, որ մենք չունենք հստակ տեսլական Իրանի հետ աշխատելու ուղղությամբ. Yerkir.am-ի հարցին, թե Հայաստան-Իրան հարաբերություններում ի՞նչ փոփոխություն է նկատվել անցած մեկ տարում այսպես պատասխանեց իրանագետ Վարդան Ոսկանյանը` ընդգծելով, որ բազմաթիվ հայտարարություններ են լինում, խոսվում է տարբեր ծրագրերի մասին, բայց դրանցից շատերն առաջ չեն գնում:
«Նախկին ժամանակահատվածում ոչ գոհացուցիչ արդյունքներով, բայց կարողացել ենք որոշակի ծրագրեր իրագործել, օրինակ` թեև որոշակի խնդիրներով (խողովակի տրամագիծը փոքրացավ), բայց կյանքի կոչվեց Հայաստան-Իրան գազամուղը, որը կառուցվեց Իրանի համար խիստ պատժամիջոցային պայմաններում: Ստեղծվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտին, բայց այդ տնտեսական գոտին չի աշխատում, ու որևէ մեկը չի խոսում, թե ինչպիսի ծրագրեր ունենք` կապված դրա հետ: Բոլոր ոլորտներում Իրանի համար կարող ենք օդանցք լինել` առաջ տանելով մեր երկրի շահերը»,- ընդգծեց նա:
Ըստ իրանագետի` մեր հիմնական խնդիրը պետության ապագայի ծրագրի բացակայությունն է: «Թեև հաճախ գլուխ ենք գովում, որ մենք` հայերս, խելացի ու ուշիմ ժողովուրդ ենք, ինչն այդպես է, բայց ուշիմ ու խելացի ժողովուրդը պետք է ունենա իր պետության զարգացման ծրագիրը, բայց, ցավոք, շատ երկրների, այդ թվում` նաև Իրանի հետ հարաբերություններում նման ծրագիր չունենք»,- նշեց նա:
Yerkir.am-ի հարցին, թե արտաքին ճակատում պասիվ քարոզչության ու բանակին մենակ թողնելու մասին դիտարկումն անելիս մասնավորապես ո՞ր գերատեսչությանը նկատի ունի, Ոսկանյանը պատասխանեց. «Չգիտեմ` ներկայումս ովքեր ու ինչ կառույցներ են զբաղվում Ադրբեջանին հակազդող քարոզչությամբ: Հայաստանը գտնվում է պարբերական քարոզչական հարձակման թիրախում, դա միշտ էլ եղել է, բայց, քարոզչական գործողություններին ի պատասխան, հնչել են համարժեք դիտարկումներ, եղել են նախահարձակ գործողություններ, այժմ նման քարոզչական գործողություններ հայկական կողմից չեն երևում: Այս իմաստով է, որ պետք է աջակից լինենք ոչ միայն բանակին, այլև պետական մյուս կառույցներին ու Հայաստան պետությանը»: