Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը վերջապես հրապարակեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռը:
Երեք անգամ խորհրդակցական սենյակ գնալուց և երեք անգամ դատաքննությունը վերսկսելուց հետո դատարանը վճռեց՝ գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել կատարած հանցագործությունների մեջ և դատապարտել 25 տարվա ազատազրկման: Նշենք, որ մեղադրող դատախազը նույնպես նրա համար 25 տարվա ազատազրկում էր պահանջել:
Yerkir.am-ի հարցին, թե արդյո՞ք սպասելի էր նման վճիռը, Իսրայել Սարգսյանը պատասխանեց. «Ինչպես միշտ արդարություն չկա, երկրում քաոս է»:
Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում և դիակը տեղափոխել ու նետել Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Մոսոն ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա երկրից:
Իսրայել Սարգսյանը նախքան ձերբակալվելը եղել է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անվտանգության ծառայության պետը, իսկ 1998-ին դատապարտվել է Արմեն Տեր-Սահակյանի հայտնի բանդայի կազմում սպանություն և սպանության փորձ կատարելու համար: