կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-18 14:43
Հասարակություն

Պապիլոմա վիրուսի դեմ չպատվաստվելը պոպուլյացիան վտանգի է ենթարկվում. Արման Սաղաթելյան

Պապիլոմա վիրուսի դեմ չպատվաստվելը պոպուլյացիան վտանգի է ենթարկվում. Արման Սաղաթելյան

Կարևոր են դեռահասների շրջանում տարվող աշխատանքները.  ՀՀ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկով ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը:

«Խնդիրն այն է, որ դեռահասների միջավայրում որոշումը` արդյո՞ք իրենց պատվաստում են, թե՞ ոչ, կայացնում են մեծերը, մեծերի հետ աշխատելը չափազանց անշնորհակալ գործ է: Ես` որպես ձեր դաշնակից, մեկ ամիս է՝ զբաղված եմ մասսայականացնելով, թե ինչ բան է հակամարմինը, ինչով է վիրուսը բացիլից տարբերվում, պատվաստանյութն ինչ է… Ահավոր վիճակ է»,- նշեց պատգամավորը: 

Սաղաթելյանի խոսքով` ինքն ուսումնասիրել է գրքերն ու ծրագրերը և բացահայտել հետաքրքիր մի բան: «Եթե ընդհանուր կենսաբանության ուսումնական ծրագրում մենք նույն ծավալն ենք հատկացնում ձկներին ու վիրուսներին, ես խնդիր եմ տեսնում այստեղ: Այսինքն` եթե հասուն մարդկանց զգալի մասը մինչ օրս չգիտի, որ դելֆինը ձուկ չէ, սարդը միջատ չէ, իսկ հավը ձուն ածում է առանց աքլորի, դա խնդիր չէ, բայց եթե պատվաստման վերաբերյալ ընդամենը երկու պարբերություն է գրված, այն էլ՝ ընդհանուր բնույթի տեքստեր, ես կարծում եմ՝ միջգերատեսչական կապը պետք է այստեղ աշխատի»,- ասաց նա։ 

Ըստ պատգամավորի` կան սոցիալական կարևորագույն հարցեր: «Դրանք են` վերարտադրողական և սեռական առողջությունը, պատվաստումը, մանրէաբանությունը, ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք պետք է ունենան համարժեք ծավալ և համապատասխան ձևով դասավանդվեն:  Արդյոք այդ գերատեսչական կապում հետևություններ անո՞ւմ ենք, որ կրթական համակարգը պատրաստի մարդկանց, որ 20 տարի հետո, երբ ծնող դառնան, նույն վիճակին չլինենք»,- ասաց նա:  

Պատգամավորը շեշտեց, որ թյուր կարծիք կա` ով չի պատվաստում, չի ուզում, թող գրավոր հրաժարվի, հասարակությունը դրանից չի տուժի: «Այստեղ լուրջ վտանգ կա, քանի որ զգայուն պոպուլյացիայի շրջանակներում վիրուսի ակտիվացումը պարտադիր բարձրանալու է և կարող է վտանգ հանդիսանալ պատվաստված զանգվածի համար, այսինքն՝ այնպես չէ, որ իրենց անձնական գործն է, անում են՝ անեն, ոչ՝ ոչ: Պոպուլյացիան վտանգի է ենթարկվում»,- ասաց նա:  

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց`  ինչո՞ւ են ԱՄՆ–ը և Գերմանիան հրաժարվել  պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվելու ծրագրից:

Սաղաթելյանը պատասխանեց, որ նման բան չկա, այդ երկրներում ևս պատվաստումներ իրականացվում են: