Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաճախ լինում են դեպքեր, երբ քննիչները հրատապություն չեն ցուցաբերում սեռական բնույթի հանցագործություններով անչափահաս տուժողներին կամ վկաներին հարցաքննելու կամ նրանց դատավարական կարգավիճակ տալու հարցում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը՝ օրինակ բերելով ՔԿ կարգապահական հանձնաժողովի կողմից արձանագրված խախտումները:
«Մեզ համար անչափահասների իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է, և եթե քրեական գործով տեսնում ենք, որ կա տուժող, ում պետք է հրատապ հարցաքննել կամ տալ դատավարական կարգավիճակ, սակայն գործը քննող քննիչը հապաղել է, կարգապահական հանձնաժողովը դա համարում է խախտում»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ընթացքում նմանատիպ խախտումների մի քանի դեպք է արձանագրվել:
Ղամբարյանի խոսքով՝ կարգապահական հանձնաժողովը խախտումներ է արձանագրել նաև գույքային իրավունքի ոլորտում: Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ քննիչը որոշել է կալանքից ազատել անձի գույքը, բայց որոշումը կադաստրի պետական կոմիտե է ուղարկել 40 օր անց: «Այսինքն` մարդը 40 օր զրկվել է իր սեփականությունն ազատ տնօրինելու իրավունքից: Մենք առանց որևէ բարդության հաստատել ենք, որ դա խախտում է»,- ասաց նա:
Ղամբարյանը նշեց, որ խախտման փաստ է նաև քննիչների կողմից դատավարական փաստաթղթերը կողմերին չներկայացնելը: Նա հայտնեց, որ տիպային խախտման օրինակ է քննիչների կողմից դատախազի հրատապ ցուցումները չկատարելը: Խոսքը վերաբերում է այն ցուցումներին, որոնք չկատարելու արդյունքում հնարավոր է ապացույցներ կորչեն և այլն:
Արթուր Ղամբարյանը նաև օրինակ բերեց, թե որ դեպքերում է կարգապահական հանձնաժողովն արդարացրել քննիչներին: «Երբ մենք ստանում ենք միջնորդություններ դատախազներից կամ կենտրոնական ապարատից, շատ հաճախ շաբլոնային ձևակերպում է լինում, որ քննիչը 10 օր չի կատարել որևէ գործողություն: Սակայն ո՞վ է ասել, որ քննիչն ամեն օր պետք է ինքնանպատակ գործողություն կատարի: Մենք երբեք չենք առաջնորդվել այն կարծրատիպով, որ քննիչն ամեն օր ինչ-որ գործով պետք է ինքնանպատակ գործողություն իրականացնի: Դատախազների բազմաթիվ միջնորդություններ կարգապահական հանձնաժողովի գործունեության սկզբնական շրջանում մերժվեցին այն պատճառաբանությամբ, որ հիմնավորումները եղել են ընդհանրական»,- ասաց նա:
Ղամբարյանի խոսքով՝ քննիչներ կան, ովքեր իրենց վարույթում 19-20 քրեական գործ են քննում, և այդ քննիչներին ինչպե՞ս կարելի է ասել` ամեն օր ինքնանպատակ քննչական գործողություն արեք:
Նշենք, որ 2014-2017թթ. ընթացքում հարուցված կարգապահական վարույթների արդյունքում 91 քննիչների արարքում հաստատվել է իրավախախտման փաստի առկայությունը, իսկ 31 ծառայող արդարացվել է։