Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում ուսանողների հետ կլոր սեղան-քննարկման ժամանակ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության խմբի անդամ Հայկ Զաքարյանը նշեց, որ միտքը, թե տարկետումը մինչև հիմա հիմնականում օգտագործվել է, որպեսզի որոշ «արտոնյալներ» խուսափեն բանակից, սխալ է մեկնաբանվում:
«Սխալ է մեկնաբանվում նաև այն, որ ծառայությունից հետո գալիս են կրթությունը շարունակելու, բայց, այնուամենայնիվ, անընդհատությունը խախտվում է»,- նշեց նա, ապա հարցրեց՝ ասպիրանտուրան ավարտածների քանի՞ տոկոսն է մնում գիտության մեջ:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ թվերը հետագայում կարող են ներկայացնել, սակայն հավելեց, որ ասպիրանտուրան շատերն ավարտում են, բայց չեն գնում PHD-ի պաշտպանությանը: Նախարարը նշեց, որ այս տարի թեմատիկ ֆինանսավորմամբ դիմել է 23 երիտասարդ, որոնցից 9-ը` արական սեռի: Նրանցից ոչ ոք չի ծառայել:
«Հիմա մտածում ենք, թե ինչ կարելի է անել, որպեսզի ոչ միայն հումանիտար ուղղությունը գրավիչ լինի: Այս խնդիրը ևս առկա է: Օրինակ՝ մտածում ենք ֆիզմաթում անվճար տեղերն ավելի շատացնել, որպեսզի գրավիչ դարձնենք երիտասարդների համար»,- ասաց նախարարը:
Հայկ Զաքարյանն արձագանքեց, որ եթե ավելացվի անվճար տեղերի քանակը, ողջունելի կլինի: Ըստ նրա` իրենց մեկնաբանությունն այդ թվերի վերաբերալ այն է, որ գիտության մեջ մնացած տղաների մեծամասնությունը չծառայածներն են, և եթե օրենքն ընդունվի, ապա հարցական տակ կդրվի այդ մասսայի գոյությունը:
Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ հավելեց, որ խնդիրների լուծման բոլոր մեխանիզմները տեղափոխում են կառավարության որոշումների դաշտ, որպեսզի հետագայում, երբ տեսնեն, որ որևէ խնդիր կա, կառավարությունը դա որոշումների միջոցով հեշտորեն փոխի: «Օրենքը ընդհանուր հավասարության սկզբունքը տվել է, այլ գործ չունի: Հիմա մենք ձեզ հետ շատ երկար պիտի քննարկենք: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՊՆ-ի շահագրգռվածությունն է լինում ամեն ինչ անել, որ երիտասարդը ծառայությունն անցնի որպես գիտնական: Մինչև հիմա է օրենքը խոչընդոտել, քանի որ ընդհանուր խաղի կանոն է եղել, որ ով չի ուզեցել գնալ բանակ, չի գնացել գիտության անվան տակ: Հիմա առաջակում ենք, որ լինեն կարգեր, մեխանիզմներ, որ եթե այս երիտասարդն արժանի է, նրան զորակոչել այլ պայմաններով, որ նա կարողանա գնալ տուն, գալ: Այս ամենը օրենքով չէ, որ պետք է արվի»,- նշեց փոխնախարարը: