Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական նիստում քննարկվում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ առաջարկում են ևս երեք տարով երկարաձգել սահմանամերձ և հրետակոծված 25 համայնքում ընդգրկված 37 բնակավայրերի աջակցության ծրագիրը։ Ըստ նախագծի` ՀՀ կառավարության նշված որոշմամբ նախատեսվում են սոցիալական աջակցության հետևյալ տեսակները՝
- հաշվարկային տարում գումարային` մինչև 360 խոր. մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում.
- հաշվարկային տարում գումարային` մինչև 1440 կՎտ/ժ. ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, ընդ որում՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:
- ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի փոխհատուցում.
- սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի եւ այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցում:
Վաչե Տերտերյանը հիշեցրեց, որ սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար, 2015-ից սկսած, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 871.2 հազ. դրամ գումար: Ըստ նախագծի` սահմանամերձ բնակավայրերում առկա է 17238 տնտեսություն և 56068 բնակչություն: 17048 Էլեկտրաէներգիայի բաժանորդ է օգտվում աջակցությունից, և 9978-ը գազի բաժանորդ է:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց`այս թիվն աճե՞լ է, թե՞ նվազել: Տերտերյանը պատասխանեց, որ հաշվարկները ցույց են տալիս` բաժանորդների թվի փոփոխություններ չկան, կամ եթե կան, էական չեն:
«Իհարկե, բաժանորդները միշտ չէ, որ համընկնում են բնակչության թվի հետ, բայց, ծավալների առումով, էական շեղումներ չկան: Գումարը ծախսում ենք այնքան, որքան սահմանվել է, բայց տենդենցը կայուն է` տրամադրված գումարը 98 տոկոսի չափով ծախսվում է»,- ասաց փոխնախարարը և նշեց, որ ճշգրիտ թիվը չի կարող ասել: