կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-08 14:06
Հասարակություն

Եթե ամուսնացած լինեի, մեկ կնոջ անակնկալ մատուցելով կբավարարվեի. Լյովա Խաչատրյան

Եթե ամուսնացած լինեի, մեկ կնոջ անակնկալ մատուցելով կբավարարվեի. Լյովա Խաչատրյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծիքով` Մարտի 8-ի հետ ինքը քիչ կապ ունի, քանի որ ամուրի է: Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե, փաստորեն, ինքը շահեկան վիճակում է գտնվում, պատգամավորը նշեց, որ անգամ այդ վիճակը շահեկան չէ: «Եթե ամուսնացած լինեի, մեկ կնոջ նվեր տալով կբավարարվեի, հիմա ստիպված պետք է նվերների շարքն ընդարձակել»,- ասաց Լյովա Խաչատրյանը:

Հարցին, թե ի՞նչ նվերների շարք է պատրաստել, պատգամավորը պատասխանեց. «Բարի խոսք և մանուշակներ: Մանուշակներ` դաշտերից, մանուշակներ` ոտքիս տակ, սարից կիջնեմ ես քաղաք...»: Նա նաև նշեց, թե որն է լինելու բարի խոսքը. «Կուզեի, որ կանանց դեմքին միշտ ժպիտ լիներ, կանացի երջանկություն եմ ցանկանում»:

Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ են տղամարդիկ տագնապով վերաբերվում Մարտի 8-ին, Լյովա Խաչատրյանը, ինչպես միշտ, պատասխանը համեմեց անեկդոտով` նախապես ներողություն խնդրելով, եթե այն կոպիտ կարող է լինել: «Մարտի 8-ին ամուսինը հարբած տուն է մտնում: Կինը հարցնում է. «Ամուսի\'ն ջան, այսօր մարտի 8-ն է, նվեր բերել ե՞ս»: Ամուսինը ձեռքի մատներով ինչ-որ անհասկանալի ժեստեր է ցույց տալիս, կինը մտածում է՝ դե ամուսինը հարբած է, վաղը կհարցնի: Հաջորդ օրը, երբ ամուսինը սթափ է լինում, կինը կրկին հարցնում է. «Ամուսի\'ն ջան, երեկ հարցնում էի՝ ի՞նչ նվեր ես պատրաստել ինձ համար, ձեռքերով անհասկանալի բաներ էիր ցույց տալիս, ամուսինը պատասխանում է. «Երեք մատի կոմբինացիան էի ուզում ցույց տալ, չէր ստացվում»:

Պատգամավորի բանաձևը այդ օրվա համար շատ պարզ է՝ պետք է ամբողջ տարին ճիշտ ապրել, ամբողջ տարին ճիշտ վերաբերվել կնոջը: «Սիրել է պետք ողջ տարին, հարգել է պետք ողջ տարին, և դա կլինի ամենամեծ նվերը, քան մեկ օր ձևական լավ վերաբերվելը: Չեմ կարծում, թե ֆինանսական միջոցներն են գլխավորը այդ օրվա համար, որովհետև եթե ջերմություն չեղավ, ցանկացած նվեր կդառնա ավելորդ առարկա»,- ասաց Լյովա Խաչատրյանը: