կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-29 22:15
Հասարակություն

Հայտարարություն Հայ-ռուսական առողջապահական երրորդ Համաժողովի արդյունքների մասին

Հայտարարություն Հայ-ռուսական առողջապահական երրորդ Համաժողովի արդյունքների մասին

Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի մասնակիցները, հիմնվելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 29 դեկտեմբերի 1991 թվականին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին» Պայմանագրի վրա, հաշվի առնելով առողջապահության բնագավառում նախորդ երկու համաժողովի աշխատանքների արդյունքները, ընդունելով, որ առողջության բարելավման և պահպանման բնագավառում պետություններից յուրաքանչյուրի ձեռքբերումները արժեք են ներկայացնում բոլորի համար, հենվելով բժշկական օգնության կազմակերպման, առողջապահության բնագավառում մասնագետների պատրաստման նկատմամբ մոտեցումների պատմական նմանության և երկու երկրի բուժաշխատողների միջև բարեկամական հարաբերությունների վրա,

Որոշեցին.

1. Ծխախոտի օգտագործման տարածվածության հետագա կրճատման և ծխախոտի ծխից բնակչության պաշտպանության նպատակով ձգտել համաձայնեցված հակածխախոտային քաղաքականության իրականացմանը, խոչընդոտել ծխախոտային արդյունաբերության միջամտությանը առողջապահական հարցերին, ձևավորել ծխախոտի օգտագործման մոնիտորինգի և վերահսկողության համեմատելի համակարգ, ապահովել առողջության իրավունքի գերակայությունը ծխախոտային արդյունաբերության շահերի նկատմամբ:

Հաշվի առնելով հանրային առողջապահության ոլորտում միջոցներ ներդնելու անհրաժեշտությունը հաստատող արդի գիտական տվյալների կարևորությունը և փոխանակելով այդ տվյալները` աջակցել 2017 թվականին «Հանրային առողջության Եվրասիական ամսագիր» գիտաբժշկական ամսագիր ստեղծելու նախաձեռնությանը:

2. Բժշկական օգնության հասանելիության և որակի բարձրացման նպատակով մշակել համատեղ ծրագրեր պետական-մասնավոր գործընկերության և բժշկական տուրիզմի ոլորտներում:

3. Դեղերի և բժշկական արտադրանքի միասնական շուկայի օպտիմալ ձևավորման նպատակով ձգտել ապահովել միասնական մոտեցում Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

4. Զարգացնել փոխգործակցություն բոլոր անհրաժեշտ ուղղություններով միգրանտների, մասնավորապես` աշխատող միգրանտների, առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների ապահովման նպատակով:

5. Տրամադրել հնարավոր օգնություն արտակարգ իրավիճակների, ներառյալ բնական և տեխնածին աղետների ժամանակ: Անցկացնել մասնագետների համատեղ վարժանքներ նմանատիպ աղետների հետևանքների վերացման ասպարեզում:

6. 2018 թվականին Ռուսաստանի Դաշնությունում անցկացնել հերթական ռուս-հայկական առողջապահական համաժողով: