Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ուրախ եմ, որ Հայաստանում եմ. հայաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Նա նախ պատմեց, թե ինչ է արել այս օրերին. նրան Հայաստան հրավիրել են վարչապետ Կարեն Կարապետյանը և Սփյուռքի նախարարությունը, Հայաստանում է Հայաստան-Սփյուռք համաժողովի և Հայաստանի անկախության 26-ամյակի առիթով: Երևանում առաջինն օրն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր, հետո շրջել Ցեղասպանության թանգարանում: Նույն օրը հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկացրեց Փայլանը, զրուցել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին, և թե ինչպես կարելի է վերսկսել երկխոսությունը:
Այնուհետև նա այցելել է Էջմիածին: Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ խոսել են Թուրքիայի հայերի վիճակի և պատրիարքական ընտրության մասին: Փայլանն ուրախությամբ նշեց, որ հանդիպել է նաև Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:
Նա ներկա է եղել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի՝ համաժողովի հյուրերի պատվին տրված ճաշին: Երևանի պետական համալսարանի թուրքագիտության բաժնի հրավերով՝ հանդիպել է ուսանողների հետ: Այցելել է ՀՀ Ազգային ժողով: Երեկ էլ ներկա եղել ՊՆ վարչական համալիրում նախագահի կողմից հրավիրված ընդունելությանը:
«Այսօր այս մամուլի ասուլիսից հետո պիտի հանդիպեմ «Ելք» կուսակցության հետ, հետո հյուրընկալվելու եմ նախագահ Սերժ Սարգսյանին: Բացի համաժողովին մասնակցելուց, Երևան գալու իմ նպատակն էր երկու երկրների կապերը: Ես Թուրքիայի խորհրդարանի պատգամավորն եմ: Թե' Թուրքիայում, թե' Հայաստանում ժողովրդավարության հաստատման ճանապարհին մեծ վնաս է երկու երկրների կապերի այս սառած վիճակը: Ես ուզում եմ կամուրջ ստեղծել այդ հարցում, ուզում եմ գոնե մի քիչ բացել երկխոսության դուռը: Գիտեմ, որ դժվար է, բայց ամենամութ ժամանակներում անգամ մի քիչ բաց պետք է պահել երկխոսության դուռը: Ուրախ եմ, որ այս անգամ Հայաստանը տեսա շատ ավելի ուժեղ և ինքնավստահ: Ազգայնականության ալիքը բարձրանում է այս տարածաշրջանում, դժբախտաբար: Սա շատ մեծ վտանգ է: Մենք՝ ժողովրդավարներս, ավելի մեծ պատասխանատվություններ պետք է վերցնենք: Ես էլ այստեղ եմ՝ այս պատասխանատվությունն իրականացնելու համար»,- ասաց Փայլանը: