կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 18:28
Մշակույթ

Ինչո՞ւ է մշակույթի փոխնախարարն ինքը հպարտանում մասնավոր սեկտորի ներդրմամբ

Ինչո՞ւ է մշակույթի փոխնախարարն ինքը հպարտանում մասնավոր սեկտորի ներդրմամբ

Օձունի վերականգման վերաբերյալ մշակույթի նախարարության պաշտոնական և մասնագիտական կարծիքը հրապարակված է. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Հարցին, թե ի՞նչ ճակատագիր ունի հիմա Օձունը, որովհետև Սամուելյանին ուղղված մեղադրանքներ են հնչել` թե\' սխալ նախագծի հետ կապված, թե\' գումարներ լվանալու, նա պատասխանեց, թե կարող է` իր անունը շոշափվում է, բայց աննախադեպ ներդրումային նախագիծ է իրականացվել պետություն-մասնավոր սեկտոր հատվածի կողմից: «Այդ աշխատանքները մասնագետների կողմից գնահատվում են շատ բարձր, դրա մասին կան բազմաթիվ մասնագիտական կարծիքներ, չնայած ձեր գործընկեր լրատվամիջոցները` կոնկրետ մի լրատվամիջոց, ակտիվորեն զբաղվում են հակառակ ուղղությամբ, դա իրենց գործն է, մենք չենք պատասխանում որևէ ասեկոսեի»,- ասաց Սամուելյանը` շարունակելով պատասխանել այդ «ասեկոսեներին»:

Նկատառմանը, թե լուրեր են շրջանառվում, որ, ընթացակարգերի խախտումով, նախարարությունում, առանց նախարարի մասնակցության, Օձունի վերաբերյալ ժողով է եղել, Սամուելյանը պատասխանեց` եթե խոսքը գնում է նախարարության գիտամեթոդական խմբի խորհրդի մասին, ապա դրա նախագահն ինքն է, այսինքն` որևէ ընթացակարգի խախտում չի եղել: Ավելին` նա շարունակում է հավաստիացնել, որ ինչ չափով արվել է ներդրում, և այն ծավալաթերթը, որով պատվիրատուն կնքել է կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը, ամբողջ ծավալով իրականացված է:

Հարցին, թե ինչո՞ւ է արդյունքում եկեղեցու վերանորոգումը կիսատ մնացել, փոխնախարարը պատասխանեց. «Գիտե՞ք` վանքերը, եկեղեցիները տարիներ, տասնամյակներ, դարեր են կառուցվում, և տարիներ, տասնամյակներ նույնպես վերականգնվում են: Երբևէ մոտ 300 մլն դրամ ներդրում 3 տարվա ընթացքում որևէ մասնավորի կողմից չի արվել, ինչո՞ւ ենք մենք անպայման ուզում, որ այդ մարդը հենց հիմա ավելի անի: Կարող է` արվելու է, կարող է չանել»:

Դիտարկմանը, թե ինչպե՞ս շարունակի մասնավորը ֆինանսավորել, եթե այլևս վստահություն չունի, Սամուելյանը պատասխանեց. «Դուք խոսե՞լ եք իր հետ: Պայմանագրի համաձայն` աշխատանքներն արված են: Այո, հուշահամալիրն ամբողջությամբ ավարտված չէ, բայց ծրագրված աշխատանքներն ավարտված են»:

Թե ինչո՞ւ է փոխնախարարն ինքը մասնավոր սեկտորի ներդրմամբ հպարտանում, պարզ չէ, մանավանդ` երբ մասնավորը շինարարության ավարտին դադարեցրել էր ֆինանսավորումը, իսկ թե ինչո՞ւ, դրան արդեն անդրադարձել ենք ստորև ներկայացված հրապարակումներով:

«Մշակույթի նախարարության հերթական «ֆոկուսը». հո՜պ լյա` Օձունի եկեղեցին վերականգնված է»

«Սա փոքր երկիր է, տիկին նախարար, կարծիք հայտնելը մենաշնորհ մի՛ դարձրեք»