Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս նախաքննական մարմինը լրացրել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը. նրան մեղադրանք է առաջադրվել նաև սպանության համար: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված որևէ մեղադրանքը, այդ թվում` սպանություն կատարելը:
Հիշեցնենք, որ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, (Պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից եւ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (Սպանություն): Հիշյալ գործը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և պատանդ վերցնելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին միացնել է նաև Սարի թաղ թաղամասում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Խոսակցություններ կան, որ այս որոշումը պայմանավորված է սպասվելիք համաներման ակտի հետ: Բանն այն է, որ նախատեսվող համաներման ակտը հնարավոր է տարածվեր նաև Սարի թաղի դեպքերով կալանավորված անձանց վրա, և նրանք ևս ազատվեին պատժից, ինչը ներկա պահին իշխանություններին ձեռնտու չէ: