կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 13:34
Քաղաքական

Ռազմական, մարդկության դեմ կատարվող հանցագործությունները թաքցվում են միջազգային հարթակներում կոռուպցիայի արտահանման հետևանքով. Արթուր Դավթյան

Ռազմական, մարդկության դեմ կատարվող հանցագործությունները թաքցվում են միջազգային հարթակներում կոռուպցիայի արտահանման հետևանքով. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ Էլ Շեյխ քաղաքում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում դեկտեմբերի 14-ին հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են Դատախազությունից։

ՀՀ գլխավոր դատախազնը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ստրատեգիական բնույթ, որի հիմանական խնդիրներից է հակակոռուպցիոն նոր կառուցակարգերով ինստիտուցիոնալ մոդելի ներդրում:

Որպես դրա բաղադրիչներ՝ Արթուր Դավթյանն առանձնացրել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փաստաթղթերի պահանջներին համապատասխան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիադատավարական ինստիտուտի ներդրումը, նախնական քննության և դատաքննության փուլերում կոռուպցիոն քրեական գործերով քննությունների, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, ինչպես նաև այդ բնույթի գործեր քննող դատավորների մասնագիտացումը:   

Կոռուպցիայի կանխարգելման համատեքստում ընդգծվել է պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի, շահերի հայտարարագրման, դատական համակարգում և դատախազությունում պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման ինստիտուցիոնալ գործիքների ներդրումը:

Այս ամենով հանդերձ, Արթուր Դավթյանն առանձնահատուկ շեշտադրում է կատարել ազգային մակարդակով ժողովրդավարությունների ամրապնդման, պետությունների զարգացման, տարածաշրջանային անվտանգության վրա լրջագույն բացասական ազդեցություն ունեցող այնպիսի երևույթի դեմ պայքարի անհրաժեշտության վրա, ինչպիսին է կոռուպցիայի արտահանումը միջազգային հարաբերությունների հարթակներ:

«Կոռուպցիայի արտահանման, օտարերկրյա, միջպետական կազմակերպությունների պատասխանատու պաշտոնատար անձանց կաշառելու աճող միտումները ստեղծում են լրացուցիչ մարտահրավերներ մարդու իրավունքների պաշտպանության իրագործման, ժողովրդավարական կառավարման և հաարակությունների կայուն զարգացման համար՝ ծայրահեղ բացասաբար ազդելով տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա: Բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում նաև ռազմական, մարդկության դեմ գործվող  հանցագործություններ, թաքցվում են նմանատիպ կաշառքի և կոռուպցիոն գործողությունների հովանու ներքո՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ:

Դա առանձնապես զգալի դարձավ նախորդ տարի Լեռնային-Ղարաբաղի ժողովրդի դեմ գործված  ռազմական ագրեսիայի ընթացքում, որն ուղեկցվում էր Արցախի խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործություններով և բոլորին քաջ հայտնի մերձավորարևելյան տարածաշրջանի ահաբեկչական կազմակերպությունների մի քանի հազար այլազգի ահաբեկիչ-գրոհայինների ներգրավմամբ: Այդ պատճառով, նմանատիպ հանցագործությունները ժամանակին կանխելու և դրանց հակազդելու համար չափազանց կարևոր է վերոնշյալ միտումներին արձագանքելը»,-իր ելույթում նշել է Արթուր Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համագործակցության խորացման հարցում ՀՀ դատախազության լիարժեք  պատրաստակամությունը: