կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 20:30
Քաղաքական

ՀՀԿ-ն ու «Ելք»-ը պարզաբանում են` ժամկետ չեն տվել միմյանց

ՀՀԿ-ն ու «Ելք»-ը պարզաբանում են` ժամկետ չեն տվել միմյանց

Մեր երկրում դաշինքների կյանքը երկար չի լինում: Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, երբ «Ելք» խմբակցությունը փորձում էր ճշտել Հանրապետական կուսակցությունից` արդյո՞ք 2018 թվականին էլ վարչապետ է մնալու Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց` ասելով` 2018 թվականին դուք կլինե՞ք:

Yerkir.am-ը «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանից փորձեց ճշտել` արդյո՞ք իրենց դաշինքը մեկ կուսակցություն դառնալու նպատակ ունի: Նա պատասխանեց, որ իրենց հիմնարար փաստաթղթում (նկատի ունի երեք կուսակցությունների` «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կողմից ստորագրված փաստաթուղթը.- խմբ.) նշված է, որ պետք է դառնան կուսակցություն: Ըստ Գորգիսյանի` դրա համար մի քիչ ժամանակ է պետք: Նա նշեց, որ իրենց ստորագրած հուշագրում ասվում է, որ համատեղ աշխատանքի արդյունքում կստեղծվի խումբ, որը կսկսի զբաղվել այդ աշխատանքներով, իսկ համատեղ աշխատանքը նոր է սկսվել:  

Մեր հարցին` ինչքա՞ն ժամանակ է պետք, մինչև Վահրամ Բաղդասարյանի նշած 2018 թվակա՞նը, Գորգիսյանը նախ պատասխանեց, որ իրենք ժամկետ հստակ չեն դրել, ապա հավելեց. «Վահրամ Բաղդասարյանի  հնչեցրած միտքն ի պատասխան մեր այն հարցին եղավ, թե ո՞վ է լինելու վարչապետը 18 թվականին: Նա էլ հակադարձեց` իսկ 18 թվականին դուք ի՞նչ վիճակում եք լինելու»:

Նա նշեց, որ իրենք չեն շտապում կուսակցություն դառնալ, որովհետև, մինչ լուրջ հարաբերությունների անցնելը, բոլոր հնարավոր կոնֆլիկտները պետք է պարզեն ու շտկեն:

«Կա՞ն կոնֆլիկտներ» հարցին էլ պատասխանեց, թե չկան: «Դաշինքների մեծամասնությունն ինչո՞ւ է քանդվում, որովհետև դրանք միավորվում են միավորվելու համար: «Ելք» դաշինքը գաղափարական հենքի վրա է միավորված, և տարաձայնություններ ստորագրած փաստաթղթի շուրջ առհասարակ չկան, ցանկացած խնդիր լուծվում է կոնսենսուսով` բոլորի համաձայնությամբ»,- ասաց Գորգիսյանը, ապա նշեց, որ հենց դա է իրենց հարատևման երաշխիքը:  

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, թե ինքը կանխատեսումներ չի արել և «Ելք»-ին էլ ժամկետ չի տվել մինչև 2018 թվականը: «Մեկ տարի առաջ կանխատեսումներ չեն անում, որևէ մեկը մյուսին ժամկետ տալու իրավունք չունի: Ի՞նչ քաղաքական զարգացումներ կլինեն, Հանրապետականն ի՞նչ կարգավվիճակում կլինի, իրենք ի՞նչ կարգավիճակում կլինեն, ոչ ոք չի կարող ասել: Ես ուղղակի օրինակներ բերեցի: Դրա համար պետք չէ քաղաքական զարգացումների հետ կապված կանխատեսումներ անել, մեզնից որևէ մեկը չի կարող իմանալ` ինչ զարգացումներ կլինեն»,- ասաց նա: