|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հուշարձանների վերականգնումն ու ամրակայումն իրականացնող շինարարական ընկերությունների ընտրության մրցույթի անցկացման կարգում փոփոխություն է եղել: Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հայտնեց, որ իրականում փոփոխությունը կարևոր է այնքանով, որ հնարավորություն է տալիս նոր ընկերություններին դաշտում գործունեություն ծավալելու:
«Մենք հայտնվել էինք մի շրջանակի մեջ, որտեղ ամեն տարի մրցույթին մասնակցում և հաղթում էին միևնույն տեխվերահսկողներն ու շինարարական կազմակերպությունները, ինչն արդեն շատ վատ էր։ Նախկինում մրցույթին մասնակցող շինարարական ընկերությունը պետք է 5-10 տարվա աշխատանքային փորձ ունենար, իսկ այժմ մենք այս դրույթը վերափոխեցինք՝ պարտադիր է, որ ոչ թե կազմակերպությունը համարժեք փորձ ունենա, այլ ունենա փորձառու մասնագետներ: Այսինքն՝ հիմա մրցույթին կարող են դիմել ու շահել կազմակերպություններ, որոնք 1 տարի է, ինչ գործում են, սակայն 8 տարվա փորձառությամբ մասնագետներ են աշխատում իրենց թիմում»,- ասաց նախարարը:
Ըստ նրա՝ այս փոփոխությունը շատ կարևոր է, քանի որ տասնյակ տարիներ նույն կազմակերպությունները նույն շրջանակում մասնակցում էին մրցույթի՝ միմյանց միջև բաշխելով շինարարական հրապարակները, ինչը, Ամիրյանի կարծիքով, լուրջ վտանգներ էր պարունակում:
Հիշեցնենք, որ, օրինակ, այս տարվա օգոստոսին կայացած նմանատիպ մրցույթներից մեկում հաղթող է ճանաչվել «Արհովշին» շինարարական կազմակերպությունը, որը պետք է վերակառուցի և ամրակայի Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց վանքը, Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Ս. Աստվածածին և Բյուրականի Արտավազիկ եկեղեցիները: Նախարարը, ի դեպ, շաբաթ օրն այցելել էր նշված եկեղեցիներ և դժգոհ մնացել շինարարական աշխատանքների ընթացքից: