կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-14 17:39
Քաղաքական

Կառավարության ծրագիրը հավակնոտ է. Աղվան Վարդանյան

Կառավարության ծրագիրը հավակնոտ է. Աղվան Վարդանյան

ՀՅԴ-ն արդեն կառավարության ծրագրի աշխատանքային տարբերակին ծանոթ է: «Մեզ հետ քննարկումներ են եղել: Կարող եմ վստահաբար ասել, որ համապարփակ և շատ մանրակրկիտ կազմված ծրագիր է՝ հստակ ժամանակացույցով, ոլորտային հստակ առաջադրանքներով»,- այսօր խորհրդարանում  լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա ասաց, որ խորապես համոզված է` դա հավակնոտ, լուրջ առաջադրանքներ պարունակող ծրագիր է, թե տարի առ տարի որ ոլորտում ինչ պետք է կատարվի, ինչը ենթադրում է նաև հստակ պատասխանատվություն: «Հստակ նշված է` այս բանն անել, օրինակ, հնգամյա ժամկետում»,- ասաց  պատգամավորը՝ հավելելով, որ նախորդ ծրագրերում այսպիսի մանրակրկիտ ձևակերպումներ ու մատնանշված անելիքներ չկային:

Վարդանյանի խոսքով՝ վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանում սկսվել է որակական փոփոխությունների փուլ: «Հարկային, մաքսային ոլորտներում, դատական համակարգում, տնտեսության տարբեր ճյուղերում այդ փոփոխությունների նախաքայլերն են կատարվում»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ խոստացված` 850 միլիոնի ներդրումներն ուշանում են, Վարդանյանն արձագանքեց. «Ներդրումներն արդեն սկսել են լինել, տարին կես է, և մի' ակնկալեք, որ մեկ օրում 850 միլիոնը կտեսնեք»:

Հարցին՝ կարևո՞ր չէ, թե 2018-ին ով է  շարունակելու իրականացնել ծրագիրը, եթե հստակ չգիտեն, թե մեծամասնությունից ով է  վարչապետ լինելու, պատգամավորը պատասխանեց. «Մի՛ սևեռվեք հարցի վրա, որն այսօր գոյություն չունի: Ես ձեզ վստահեցնում եմ, որ այն խնդիրները, որոնք ձևակերպված են ծրագրում, մեր երկրում պիտի իրականացվեն: Էէական չէ, թե  ով է իրականացնելու, կարևորը խնդիրներն են: Մենք երբևէ անձերից խոսե՞լ ենք: Եթե խնդիրը ճիշտ ես ձևակերպում, լուծումներ կգտնվեն: Դաշնակցությունը կուզենար, որ այն փոփոխությունները, որոնք երկրում սկսվել են, և այն խնդիրները, որոնք ձևակերպվել են, նաև` ՀՅԴ-ի ակտիվ միջամտությամբ, լուծվեն, անձերը կարևոր չեն: Կարեն Կարապետյանի այսօրվա գործունեությունը լիովին բավարարում է Դաշնակցությանը՝ իր եռանդով, էներգիայով, կոնցեպտուալությամբ, խնդիրներ դնելու և լուծելու կարողությամբ»:

 Հարցին՝ հակասություններ չկա՞ն վարչապետի և ՀՅԴ-ական նախարարների միջև, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Բացարձակապես: Կառավորությունը ձևավորվել է ընդամենը օրեր առաջ, հիմա աշխատում են»:

Արձագանքելով դիտարկանը, թե վարչապետը հանձնարարել էր օպտիմալացում իրականացնել կրթության ոլորտում, և պատասխանելով հարցին, թե դա փորձությո՞ւն չէ Դաշնակցության համար, պատգամավորը պատասխանեց. «Դուք լսել եք նախարարի ելույթները: Բնական է, որ երկրում պետք է օպտիմալացում իրականացվի, բայց ի՞նչ է նշանակում` օպտիմալացում, ինչպիսի՞ լուծումներ կգտնվեն: Բնականաբար, այստեղ փորձառու նախարարը կգտնի այնպիսի լուծումներ, որոնք միայն կնպաստեն կրթության ոլորտի որակի և արդյունավետության բարձրացմանը»: Վարդանյանի խոսքով՝ ամենօրյա քննարկումներ են լինում, որոնք կօգնեն գտնել արդյունավետ լուծումներ: