Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի այն փաստը, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քվեարկության ժամանակ ընդդիմության մեծ մասը ձեռնպահ քվեարկեց, ԲՀԿ-ն՝ կողմ, իսկ հիմա ստիպված են հանդես գալ օրենքի դեմ, նշեց, որ այդ օրենքի քննարկման ժամանակ խորհրդարանում խոսվել է օրենքի գործարկման արդյունքում հնարավոր խնդիրների մասին:
«Մենք (ՀՅԴ ) ձեռնպահ ենք քվեարկել այդ օրենքին` մատնանշելով այն պրոբլեմները, որոնք առաջանալու են: Բայց մեր իրականության մեջ միշտ հասնում է վերջին օրը, վերջին սահմանը, կա'մ գիտակցելով, կա'մ ուղղորդելով` սկսում են դժգոհել, բողոքել»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով` ակնհայտ է, որ հարկի նվազեցումը 3,5 տոկոսից 1 տոկոս, ակնհայտորեն դրական քայլ է, սակայն դրան զուգահեռ ստեղծվում են լծակներ, որոնք բացասական հետևանքներ են առաջ բերում ՓՄՁ-ների համար:
«Դրականի ու բացասականի խառնուրդը միշտ բացասական է տալիս: Մեզ համար էն գլխից պարզ էր, որ եթե փոքր և միջին բիզնեսը մինչև վերջ փաստաթղթավորվի, ապա նրանց մեծ մասը, ես չեմ բացառում, որ 70 տոկոսը, անցնելու են 58 միլիոնի շեմը, ահա ինչու առաջարկում էինք շեմը բարձրացնել մինչև 150 միլիոն դրամ: Ստուգումների այնպիսի մեխանիզմ, որ դրված է այս օրենքի մեջ, գլխացավանք է առաջացնելու ՓՄՁ-ների համար: Մեր կառավարությունը քանի որ չի ուզում ակնհայտորեն սխալ արած բանը զիջել ու գտնել օպտիմալ լուծում, որի առաջարկները արվել են նաև մեր կողմից, ասում է, թե չի ստուգի: Բա եթե չես ստուգելու, օրենքն ասում է, պիտի ստուգես, որ փաստաթղթավորվի, ու բյուջե մուտքեր գան: Օրենքն ասում է պիտի ստուգես, բայց բանավոր որոշմամբ ասում ես, որ չես ստուգի: Այս միջանկյալ լուծումները կամ «ես ուժեղ եմ, ես չեմ զիջի» ոչ մի լավ բանի չեն բերելու»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքով` այս փուլում այս խնդիրը չլուծվեց: Երեկ կառավարությունը դեմ էր որևէ բան փոխելուն, կեսօրից հետո մի քանի օր ժամանակ է խնդրել ու խոստացել, որ պատասխան կտա: «Պետք է օպերատիվ լուծումներ գտնել, այլ ոչ թե փորձել մաշեցնել հարցը: Այս հարցը մաշվեց, մյուս հարցն է առաջանալու»,- ասաց Աղվան Վարդանյանը: