Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Երևանում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության երկրորդ հանդիպումը:
Այս առնչությամբ, ԵՄ հայաստանյան պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հաշվի առնելով ՀՀ կառավարության հավակնոտ օրակարգն՝ ուղղված արդարադատության ոլորտի համապարփակ բարեփոխմանը, ԵՄ-ն հայտնում է իր պատրաստակամությունն աջակցելու Կառավարության ջանքերին: Արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսությունը նպատակաուղղված է արդարադատության ոլորտի բարեփոխումների մշակմանը` եվրոպական չափանիշներին եւ ԵՄ-ն եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան:
Շարունակելով 2018 թվականի սեպտեմբերին կայացած՝ Ռազմավարական քաղաքականության երկխոսության առաջին հանդիպման օրակարգը, այսօրվա հանդիպումը նվիրված էր վերջերս հրապարակված Դատաիրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության նախագծի եւ 2019-2022թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության քննարկմանը: Երկխոսությունը նպաստեց ռազմավարություններից բխող միջոցառումների եւ ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության փոխադարձ կապի ապահովմանը, ինչպես նաեւ ԵՄ այն գործիքների համաձայնեցմանը, որոնք ուղղված կլինեն վերոնշյալ գործողությունների իրականացմանը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության կուռ հանձնառությունն` իրականացնելու արդարադատության եւ հակակոռուպցիոն բարեփոխումներ, որոնք կդառնան արդարադատության ոլորտում Եվրոպական միության հետ բարձր մակարդակի երկխոսության հովանին եւ տեխնիկական մակարդակում ավելի արդյունավետ համագործակցության հիմքը: Նախարարը կարեւորել է նաեւ համակարգված եւ գերակա գործողությունների կարեւորությունը՝ փոխշահավետ արդյունքներ գրանցելու համար:
Անդրեա Վիկտորինը եւս մեկ անգամ շեշտել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանն արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում, ինչը կնպաստի արդարադատության ոլորտի արդյունավետ կառավարմանը եւ ներդրումային միջավայրի զարգացմանը:
Վասիլիս Մարագոսը ողջունել է արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված Կառավարության ջանքերը եւ ընդգծել, որ բոլոր շահագրգիռ կողմերի եւ համապատասխան մարմինների ակտիվ ներգրավվածությունը կնպաստի բարեփոխումների ծրագիրն ուղղորդելու եւ իրականացնելու գործընթացին եւ կօգնի Հայաստանի քաղաքացիների համար գրանցել շոշափելի արդյունքներ :
Երկխոսությունը նաեւ հարթակ ծառայեց քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, գործարար ոլորտի ներկայացուցիչներին եւ Հայաստանի միջազգային հանրությանը բարեփոխումների ձեւաչափի եւ դրանց հետագա ուղղությունների վերջնականացման գործընթացում ներգրավելու համար: