կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-16 10:21
Տնտեսական

Պանրի շուկայում կրկին թանկացումներ կլինեն. «Փաստ»

Պանրի շուկայում կրկին թանկացումներ կլինեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.«Ընթացիկ տարում պանրի արտադրությունը նվազել է: Ըստ ԱՎԾ–ի՝ 2017 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 15054,8 տոննա պանիր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18,4%–ով: 2016 թվականին արտադրվել է 18451,7 տոննա:

Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ պանրի արտադրության ծավալների կրճատումը պայմանավորված է կաթի քիչ քանակությամբ:

Այս ամենի վրա ազդել են բնակլիմայական անբարենպաստ պայմանները։

Գիգոյանի խոսքով՝ տարին չորային է եղել, կաթն էլ՝ սակավ:

«Այն բարձրավանդակներում, որտեղ ընդհանրապես խոտը չէր չորանում, նույնիսկ այդ հատվածներում խոտի չորացում է նկատվել, ինչն անմիջապես կապ ունի կթի արդյունավետության, քանակի հետ։ Այս երկու գործոնները բերել են նրան, որ կաթի ծավալները համեմատաբար ավելի քիչ են եղել»,– մատնանշեց Պանրագործների միության նախագահը:

Սպառողական շուկայում գնաճը չի շրջանցել նաեւ պանրին: Արդեն իսկ ամիսներ առաջ այն թանկացել է: 1700 դրամ արժողությամբ պանրի գինն այսօր շուկայում 2000–ի շեմն է հատել: Արմեն Գիգոյանը նկատեց, որ արտադրության ծավալների կրճատումը կբերի պանրի գնի աճին: Գնաճը կերեւա գալիք տարվա սկզբում:

«Թանկացումներ արդեն եղել են: Եկող տարվա առաջին կեսին պանիրը կթանկանա: Ըստ իմ փորձի, եթե մի տարի կաթնատվությունը քիչ է լինում, մյուս տարի՝ շատ է լինում: Բնությունն ամեն ինչ բալանսավորում է: Չեմ կարող ասել եկող տարին ինչպես կլինի, բայց իմ փորձը ցույց է տվել, որ դա այդպես է»,– նշեց մեր զրուցակիցը:

Հակառակ այս ամենի՝ ԱՎԾ–ի տվյալներով կաթի արտադրությունն ավելացել է: Այս տարվա ինն ամիսներին 396,5 լիտր կաթ է արտադրվել, իսկ նախորդ տարում՝ 394,3: Պանրագործների միության նախագահին վիճակագրական տվյալները հավատ չեն ներշնչում:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: