կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-13 17:55
Քաղաքական

Սերժ Սարգսյանը ընդունել է Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերին

Սերժ Սարգսյանը ընդունել է Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ և էստոնացի ժողովուրդների պատմական արմատներ ունեցող բարեկամության և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա կառուցված հարաբերությունները երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին վերընթաց զարգացում են ունեցել: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է ավելի ակտիվացնել և խորացնել քաղաքական երկխոսությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, զարգացնել համագործակցությունը միջխորհրդարանական և միջկառավարական մակարդակներում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում: 

Համակարծիք լինելով, որ փոխգործակցությանը պետք է նոր որակ հաղորդել, քանի որ այդ առումով ակնկալիքներն ու ներուժը բավականին մեծ են, Հանրապետության Նախագահը և Էստոնիայի արտգործնախարարն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և զարգացման հեռանկարին:

Արտգործնախարար Սվեն Միկսերը հույս է հայտնել, որ ԵՄ-ում Էստոնիայի առաջիկա նախագահության շրջանակներում կստորագրվի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հանդիպման ժամանակ նախարար Միկսերը Նախագահին ներկայացրել է ԵՄ-ում Էստոնիայի նախագահության առաջնահերթությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի շուրջ: Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերն ընդգծել է, որ Էստոնիան ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: