Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արեգ Բալայանը եւ Մարիա Ֆերնանդա Մորենոն «Ավրորայի» մրցույթների հաղթողներն են
Մայիսի 16-ին «Դալան» ցուցասրահում բացվեց «Ավրորա» նախաձեռնության «Մարդասիրության աչքերով» ֆոտո ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են «Ավրորա» լուսանկարչական մրցույթին մասնակցած աշխատանքներ:Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտնի դարձան «Ավրորա» լուսանկարչական եւ կարճամետրաժ ֆիլմերի հաղթողները:
Արցախից՝ ԱրեգԲալայանի«Վերջապես հանգիստ» լուսանկարը ժյուրիի որոշմամբ ճանաչվել է լավագույնը: Լուսանկարչական մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել Սարգիս Բուլղադարյանը(Հայաստան)՝ «Առօրյա ջրի խնդիրը սահմանամերձ Թլիկում» լուսանկարի համար, երրորդ տեղում Վիզարուտ Սանխամի(Թաիլանդ) «Անագե պատերի հետեւում» լուսանկարն է: Հատուկ մրցանակների են արժանացել Անահիտ Հայրապետյանը(Հայաստան)՝ «Փախստական հայր ու որդին Արցախում» լուսանկարի եւ Աննա Կարոլին դե Լիման(Բրազիլիա)՝ «Ռաջաշտանցի տղան» լուսանկարի համար:
«Համոզիչ, կարեկցանքովլի եւ զգայուն. առաջին «Ավրորա» լուսանկարչական մրցույթին ներկայացված պատկերները գերող էին, դրանք մեզ ստիպում էին խորհել: Տարիներ շարունակ գնահատել եմ բազմաթիվ մրցույթներ, եւ այս մրցույթի լուսանկարներն առանձնանում էին իրենց իմաստային խորությամբ եւ կատարման որակով: Մրցույթը մեր բոլորի ուշադրությունն է հրավիրում աշխարհում խիստ կարեւոր խնդիրների վրա», - ասաց մրցույթի ժյուրիի նախագահ Ջոն Սթենմայերը:
Հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է 2500 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 եւ 1000 ԱՄՆ դոլարի պարգեւ:
«Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույն է ճանաչվել Մարիա Ֆերնանդա Մորենո Բելտրանի«Ցանկություն» անիմացիոն ֆիլմը (Կոլումբիա), երկրորդ տեղում Ազա Անդրեասյանի «Ականադաշտի ամենաերիտասարդ աղջիկը» ֆիլմն է (Հայաստան), երրորդ մրցանակին արժանացել է Եվգենի Վասիլցովը «Հայր» ֆիլմի համար (Ուկրաինա): Հատուկ մրցանակների են արժանացել Հայկ Կբեյանը՝ «Տոնածառ» ֆիլմի (Հայաստան) եւ Սանտյագո Արկոս Վեինտիմիան՝ «Պաղեստինի մաշկը» ֆիլմի (Էկվադոր) համար:
«Այս մրցույթներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության սկսած մարդասիրական շարժումն ավելի ընդգրկուն դարձրին: Մեզ միացան աշխարհի 50-ից ավելի երկրների հազարավոր տաղանդավոր երիտասարդներ՝ ներկայացնելով մարդասիրության եւ երախտագիտության գաղափարների շուրջ սեփական պատկերացումները, - ասաց մրցույթների ժյուրիների անդամ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը, - շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, ովքեր 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության նախօրեին օգնեցին մեզ առավել պատկերավոր դարձնել մեր գաղափարախոսությունը»:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հաղթող ֆիլմի հեղինակին պարգեւատրում է 4000 ԱՄՆ դոլար մրցանակով, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին՝ 2000 եւ 1500 ԱՄՆ դոլարի մրցանակով: Երկու մրցույթների 10 մրցանակակիրներնստացել են բացառիկ հնարավորություն՝ ներկա գտնվելու 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը՝մայիսի 28-ին, Երեւանում:
«Ավրորա» լուսանկարչական եւ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթները մեկնարկել էին 2016թ. դեկտեմբերին: Մրցույթներին ներկայացվել է 1237 լուսանկար՝ 48 երկրից եւ 184 ֆիլմ՝ 27 երկրից:
«Մարդասիրության աչքերով» ցուցահանդեսը ներկայացնում է 23 լուսանկարչի 28 աշխատանք՝13 երկրից: Այն այցելուների համար բաց կլինի մինչեւ հունիսի 6-ը` «Դալան» ցուցասրահում, հասցե՝ Երեւան, Աբովյան 12, 2-րդ հարկ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է:
Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):